երկիր է: Իսկ Բելգիայի քաղաքները հինավուրց ճարտարապետության քաղաք-թանգարաններ են:
Ինչպես և մյուս կապիտալիստական պետություններում, Բելգիայի հիմնական հարստությունները կենտրոնացած են կապիտալիստների ձեռքին: Կապիտալի ճնշումը հատկապես ուժեղ են զգում բանվորները: Երկրում մերթընդմերթ բռնկվում են գործադուլներ, որին մասնակցում են հազարավոր աշխատավորներ:
Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է պառլամենտով։
Բելոռուսիս
(Բելոռուսական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն)
Հանրապետության հարավում՝ Պոլեսիեում, հարյուրավոր կիլոմետրեր ձգվում են անտառները և վառ կանաչ տիղմով, եղեգնով ու սեզով ծածկված ճահճուտները: Դեպի հյուսիս ճահիճները գնալով պակասում են, իսկ վիթխարի ալիքանման բլրաշարերի միջև փայլփլում են հայելանման լճերը: Թավ անտառներ, կանաչ մարգագետիններ, արտերի միջով ձգվող ճանապարհներ, վուշի երկնագույն դաշտեր, հարյուրավոր խաղաղ ու հանդարտ գետեր, որոնցից գլխավորներն են Դնեպրը, Արևմտյան Դվինան, Նեմանը:
Մի ժամանակ՝ դեռևս Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից առաջ, բելոռուս նշանավոր բանաստեղծ Յակոբ Կոլասը գրել է.
Երկիր հարազատ,
Երկիր մեր աղքատ
Լոկ ավազ, ճահիճ
Եվ անտառ այնքան:
Դա ցարական Ռուսաստանի ամենից աղքատ և հետամնաց երկրամասերից էր: Գյուղերում, որ տխուր անվանումներ ունեին