Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բժիշկ

Եկեք խորհրդածենք, թե ինչպիսի հատկություններով պետք է օժտված լինի այն մարդը, որը պատրաստվում է բժիշկ դառնալ։ Ամենից առաջ նա պետք է սիրի մարդկանց և բարի սիրտ ունենա, որովհետև բժշկի գործը հիվանդների տառապանքները թեթևացնելն է և նրանց մահից փրկելը: Բժիշկը պետք է խիզախ լինի: Չէ՞ որ նա առաջինն է մեկնում այնտեղ, ուր մոլեգնում է կործանարար համաճարակը, օրինակ, ժանտախտը։ Նա չպետք է վախենա այնպիսի հիվանդի խնամելուց, որից մահացու հիվանդությամբ կարող է վարակվել ինքն անձամբ: Անհրաժեշտ է, որ բժիշկը թեկուզև արտաքուստ, միշտ հանգիստ լինի, որպեսզի կարողանա ճիշտ վիրահատել ու լավ վիրակապել հիվանդին կամ վիրավորին, երբ և որտեղ էլ դա պետք լինի. փոթորկոտ ծովում, երկրաշարժի ժամանակ, թե հրետանային ռմբակոծության տակ: Բժշկի հանգստությունն ու ինքնա վստահությունը փոխանցվում են հիվանդին և օգնում նրան ապաքինվելու: Բժիշկը պետք է ուշադիր և նրբազգաց լինի: Անուշադիր բժշկին հիվանդը չի հավատա, իսկ բժշկի ամեն մի անզգույշ խոսք կարող է այնպես վախեցնել հիվանդին, որ նա կկորցնի առողջանալու իր հավատն ու հույսը: Բժիշկը պետք է լինի անձնազոհ: Չէ՞ որ նրան հիվանդի մոտ կարող են կանչել ամեն ժամի, գիշեր լինի թե ցերեկ, նույնիսկ այն ժամանակ, երբ ինքն էլ հիվանդ է և ուրիշ ոչ ոք չկա, որ գնա։ Բժիշկը պետք է լինի նաև հետաքրքրասեր ու աշխատասեր: Նա պետք է շարունակ ընդլայնի իր գիտելիքները, որպեսզի կարողանա կիրառել բուժման ժամանակակից եղանակներն ու օգտագործել բժշկագիտության նորագույն հայտնագործությունները։ Բժիշկը պետք է օժտված լինի տեսնելու, տեսածը գնահատելու ունակությամբ, լինի համբերատար։ Նա պետք է գաղտնապահ լինի, որպեսզի բժշկական գաղտնիքը ուրիշները չիմանան: Եվ նաև վճռական պետք է լինի։ Ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ հոյակապ մարդիկ են իսկական բժիշկները, և որքան վեհ է նրանց մասնագիտությունը: Մեր կառավարությունը բժիշկներին տրամադրում է անհրաժեշտ ամեն բան, որպեսզի նրանք կարողանան ժամանակին օգնել հիվանդին՝ հիանալի կահավորված ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ և, անշուշտ փոխադրամիջոցներ` ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ: Չէ՞ որ բժիշկը պետք է ամենակարճ ժամանակում օգնության հասնի հիվանդին, ուր էլ նա գտնվելիս լինի՝ մեծ քաղաքում, թե փոքրիկ ավանում, ծովի հեռուներում, թե բարձր լեռներում: Բժիշկները միշտ եղել են և կմնան մեր երկրում կենսագործվող բոլոր մեծ ու փոքր գործերի ակտիվ մասնակիցները: Ահա թե ինչու աշխարհում առաջին բազմատեղանոց «Վոսխոդ» տիեզերանավի անձնակազմի անդամներից մեկը բժիշկ էր:

Բիանկի Վիտալի Վալենտինովիչ

Անտառը ձմեռ է հագել: Շուրջը խոր լռություն է: Սառնամանիքը դաղում է այտերդ, բայց եթե ուզում ես տեսնել, թե ինչպես է իր բույնը շտապում նապաստակը կամ զբոսանքի դուրս գալիս գորշուկը, մի քիչ համբերիր: Ահա ձյունը շարժվեց: Երերաց մի ճյուղ։ Մի քիչ էլ... Ավելի մոտեցիր: Եվ դիտողի առջև բացվում է անտառի մի գաղտնիք ևս։ Իսկ հետո այն ամենի մասին, ինչ տեսել է Վիտալի Վալենտինովիչը, երեխաներին կպատմի իր գրքերում, կօգնի նրանց թափանցելու բնության հրաշք գաղտնիքների մեջ: