Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարսող հեղուկն է: Երկրագնդի վրա մոտավորապես հինգ հարյուր զանազան գիշատիչ բույսեր կան: Գիտնականները նրանց անվանում են միջատակեր բույսեր։

Կարդացեք հետևյալ գիրքը.
Алесандров В. Д. Растения хищники, Г «Дет лит», 1972.


Գիսավոր

Երկնքում երբեմն հայտնվում են արտասովոր «պոչավոր» աստղեր՝ գիսավորներ, որոնք արագ շարժվում են աստղալից երկնքում: Դա շատ գեղեցիկ տեսարան է:

Որքան գիսավորն ավելի է մոտենում Արեգակին, այնքան ավելի պայծառ է փայլում նրա գլուխը, այնքան ավելի է երկարում նրա միգամած պոչը:

Գիսավորը կարող է ունենալ մեկ կամ մի քանի պոչ: Դրանք սովորաբար ուղղված են Արեգակին հակառակ:

Հնում գիսավորներն իրենց անսպասելի հայտնություններով ու խորհրդավոր կերպարանափոխություններով սնոտի վախ էին առաջ բերում: Մարդկանց նրանք պատկերանում էին կտրված գլուխների, արյունոտ դաշույնների տեսքով։ Այն ժամանակներում երկնքում վառ գիսավորի հայտնվելը վատ նախանշան էր համարվում:

Գիտությունն ապացուցեց, որ այդ բոլոր երկյուղներն անհիմն են: Գիսավորներն Արեգակնային համակարգին պատկանող երկնային մարմիններ են։ Խիստ ձգված ուղեծրերով նրանք պտտվում են Արեգակի շուրջը։

Գիսավորների մեծ մասը Արեգակի շուրջը մեկ լրիվ պտույտ է գործում հսկայական ժամանակահատվածում՝ հազարավոր ու միլիոնավոր տարիների ընթացքում: Կան նաև այնպիսի գիսավորներ, որոնց համար այդ ժամանակը չափվում է ընդամենը տասնյակ տարիներով կամ, նույնիսկ մի քանի տարով:

Գիսավորի գլխավոր մասը միջուկն է: Այն սովորական փխրուն սառույցի մեծաբեկոր է, որին խառնված են «սառած» գազեր՝ մեթան, ամոնիակ և պինդ ածխաթթու՝ այն նույն «չոր սառույցը», որն օգտագործում են պաղպաղակ վաճառողները:

Գիսավորի միջուկում պարունակվում են նաև բազմաթիվ մանր, պինդ փոշեհատիկներ և քարանյութեր: Արեգակին մոտ գտնվող գիսավորները չեն երևում։

Արեգակին մոտենալիս գիսավորի միջուկը տաքանում է, նրանից սկսում են անջատվել գազեր և փոշի, որոնք էլ առաջացնում են գիսավորի գլուխն ու պոչը։ Երկրի համեմատությամբ, գիսավորների միջուկները շատ փոքր են։ Դրա փոխարեն գիսավորի գլուխը տրամագծով երբեմն գերազանցում է Արեգակի չափերը, իսկ որոշ գիսավորների պոչեր ձգվում են հարյուր միլիոնավոր կիլոմետրեր։ Որոշ գիսավորների թե գլուխը և թե պոչը չափազանց նոսր են. դրանց խտությունը միլիարդավոր անգամ փոքր է մեր շնչած օդի խտությունից։ Դրա համար էլ գիտնականները վաղուց արդեն գիսավորներն անվանում են «տեսանելի ոչինչ»:

Գիսավորի գլուխն ու պոչը կատարելապես թափանցիկ են: Երբ գիսավորը հայտնվում է Երկրի և որևէ աստղի միջև, ապա աստղի լույսն առանց թուլանալու հասնում է մեզ:

Գիսավորները Երկրի համար միանգամայն անվտանգ են։ Երկիրը շատ անգամ է բախվել գիսավորների պոչերին և հեշտությամբ անցել դրանց միջով: Երկրի և գիսավորի միջուկի բախվելու դեպքում (ինչը կարող է տեղի ունենալ չափազանց հազվադեպ, ոչ հաճախ, քան