Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է պահպանել հայ ժողովրդի այդ հերոս զավակի մասին։ Նա սյունեցի էր, ծառայության էր մտել վրաց Վախթանգ 6-րդ թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր։

1722 թ. տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք ազդակ ծառայեցին Արցախի և Սյունիքի հայերին բարձրացնելու ազատագրական պայքարի դրոշ։ Պարսկական տիրապետության դեմ ապստամբել էին աֆղաններն ու գրավել նրա Սպահան մայրաքաղաքը։ Բացի դրանից, Կասպից ծովի ափին կանգնած էին Պետրոս Առաջին ռուսական ցարի զորքերը՝ պատրաստ հարձակվելու Պարսկաստանի վրա։ Այս հանգամանքն անչափ ոգևորեց իրենց ազատագրական բաղձանքները Ռուսաստանի հետ կապած հայերին ու վրացիներին։ Ահա այդ պայմաններում էր, որ Դավիթ Բեկը Վրաստանից հրավիրվեց Սյունիք համախմբլու տեղական ուժերը և կազմակերպելու ազատագրական պայքարը։

Առաջին հերթին անհրաժեշտ էր երկիրն ազատագրել ավազակությամբ զբաղվող օտար ցեղախմբերից։ Իր շուրջը համախմբելով 400 հայ քաջերի Դավիթ Բեկը Ուչթափալար կոչվող դաշտում ջախջախում է Կարաչոռլու, ապա Ջիվանշիր ցեղերին։ Այդ հաղթանակները ընդհանուր ազատագրական պայքարի սկիզբը դարձան։ Ամենուր ոտքի ելան հայ մելիքներն ու տանուտերերը և իրենց զորական ուժերով հավաքվեցին Դավիթ Բեկի դրոշի ներքո։ Սյունիքում հայոց զորքի թիվը հասավ յոթ հազարի։ Սկզբում Դավիթ Բեկի նստավայրը Որոտան գետի ափին գտնվող Շինուհայր բերդն էր, իսկ 1724 թվականից՝ Հալիձորը, որտեղ Դավիթ Բեկը ամուր բերդ կառուցեց։ Մեծ հմտությամբ էր Դավիթ Բեկը ղեկավարում ապստամբական շարժումը, պահանջում էր պահպանել խիստ կարգապահություն, անողոք էր դավաճանների ու երկչոտների նկատմամբ։

Տեսնելով Դավիթ Բեկի առաջին հաջողությունները հարևան պարսից խաները զորք հանեցին ճնշելու Սյունիքի հայերի ազատագրական պայքարը, բայց Դավիթ Բեկի զորապետներ Բայանդուրն ու Թորոս իշխանը 1723 թ ջարդեցին խանական զորքը, իսկ զորապետներ Մխիթար սպարապետը և Տեր Ավետիսը գրավեցին Ասլամազ-Ղուլի խանին պատկանող անառիկ Ջեյվա բերդը։ 1724 թ Դավիթ Բեկի զորքը պաշարեց Որոտան բերդը, ապա հակառակորդի նկատմամբ փայլուն հաղթանակ տարավ Մեղրիի բերդի մոտ։

Սակայն 1726 թ. Սյունիք ներխուժեցին թուրքական զորքերը։ Հակառակորդի ներշնչած ահն ու սարսափն այնքան մեծ էին, որ գրեթե բոլորը լքեցին Դավիթ Բեկին, և նա սակավաթիվ զինակիցներով փակվեց Հալիձորի բերդում Բեքիր փաշայի բազմահազար զորքը պաշարել էր բերդը։ Յոթ օր շարունակ Դավիթ Բեկը իր փոքրաքանակ ուժերով ետ էր մղում թուրքերի հարձակումները։ Յոթերորդ օրը, երբ մութն արդեն ծածկել էր երկիրը, բացվեցին բերդի դարպասները, և Մխիթար սպարապետի ու Տեր Ավետիսի առաջնորդությամբ երեք հարյուր զինավառ քաջեր նետվեցին թուրքական բանակի վրա։ Ահաբեկված ու զարհուրած թշնամին գլխակորույս փախուստի դիմեց։ Սրան հետևեցին նորանոր հաղթանակներ, և Դավիթ Բեկի դրոշը կրկին փողփողաց Սյունիքի վրա։

Տեսնելով Դավիթ Բեկի հաջողությունները թուրքերի դեմ վարած կռիվներում՝ պարսից Թահմազ շահը նրան ճանաչեց որպես Սյունյաց իշխան, ուղարկեց իշխանական պատվանշաններ ու դրոշ և շնորհեց