Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրամ հատելու իրավունք։ Դաշինքը Պարսկաստանի հետ Դավիթ Բեկին խրախուսեց ձեռնամուխ լինելու Արաքսի ամբողջ հովտի ազատագրմանը թուրքերից: Բայց վերահաս մահը խիզախ զորավարին հնարավորություն չտվեց ավարտին հասցնելու ազատագրական այն մեծ գործը, որին նա նվիրաբերել էր իր կյանքը: Դավիթ Բեկի անունը հայ ժողովրդի համար դարձել է հանուն հայրենիքի ազատության մարտնչող հերոսի խորհրդանիշ: Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպից բացի, նրան է նվիրված նաև Ա. Տիգրանյանի համանուն օպերան, Ղափան քաղաքում կանգնեցված է քաջարի զորավարի հուշարձանը:

Դարվին Չարլզ

Չարլզ Դարվինը` ապագա նշանավոր գիտնականը, ծնվել է Շրուսբերի անգլիական փոքրիկ քաղաքում: Մանկուց նա սիրում էր թափառել դաշտերում ու անտառներում, ուշադրությամբ զննում շրջապատող բնությունը։ Իր դիտումները Չարլզը համեմատում էր գրքերում կարդացածի հետ: Տղան հափշտակությամբ խեցիների, միներալների, թռչունների ձվերի հավաքածուներ էր կազմում։ Հավաքածուի համար նա բնից վերցնում էր միայն մեկ ձու` մնացածները թողնելով տեղում: 1831 թ գարնանը Չարլզն ավարտեց Քեմբրիջի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը, սակայն հրաժարվեց քահանա դառնալ։ Նրան հրապուրում էր միջատների և բույսերի ուսումնասիրումը։ Պրոֆեսոր Դենսլոյի երաշխավորությամբ Չարլզին վերցրին «Բիգլ» առագաստանավը, որն ուղևորվում էր շուրջերկրյա ճանապարհորդության: Դարվինի պարտականությունն էր նավարկության ընթացքում երկրաբանական, կենդանաբանական և բուսաբանական հավաքածուներ կազմելը: Հինգ տարի տևած այդ նավարկությունը նա գրավիչ և ճշմարտացի նկարագրել է «Շուրջերկրյա ճանապարհորդություն «Բիգլ» նավով» գրքում: Ճանապարհորդության ընթացքում Դարվինը շատ էր դիտում և մտորում։ Նա եկավ այն հաստատ համոզման, որ աշխարհը աստված չի ստեղծել, ինչպես կարծում էին շատերը, որ Երկրի վրա բույսերի և կենդանիների տարբեր տեսակների առաջացման բացատրությունը պետք է փնտրել բթուն բնության մեջ։ Տուն վերադառնալուց հետո Չարլզ Դարվինն սկսեց ջանասիրությամբ ժողովել իր միտքը հաստատող փաստեր: Ուսումնասիրում էր ընտանի կենդանիներին, նորից ու նորից կարդում հարյուրավոր գրքեր ու բազմաթիվ քաղվածքներ անում։ Այդ աշխատանքը տևեց երկար տարիներ: Եվ միայն 1859 թ նա լույս ընծայեց մի գիրք, ուր մանրամասն շարադրում էր իր տեսությունը: Ո՞րն է Դարվինի հայտնագործության էությունը: Մարդը իր տնտեսությունում օգտագործում է շատ բույսեր ու կենդանիներ, որոնք վայրի վիճակում գոյություն չունեն: Բայց անկասկած, անցյալում նրանք ունեցել են իրենց վայրի նախնիները: Բացի դրանից, մարդը բուծել է այդ բույսերի և կենդանիների բազմաթիվ նոր սորտեր ու ցեղեր: Հիշեցեք, թե կաղամբի, խնձորենու, տանձենու քանի տարբեր սորտեր, շների, ոչխարների, կովերի, ձիերի քանի տարբեր ցեղեր գոյություն ունեն։ Գիտնականներն այդ սորտերն ու ցեղերն ստացել են արհեստական ընտրությամբ: Ենթադրենք, որ պետք է բուծել արագավազ ձիերի ցեղ։ Արագավազ զույգ ձիերից ցեղի համար թողնում են ամենաարագավազ մտրուկներին։ Եվ այդպես, անընդհատ ընտրելով ամենալավ ձիերը, ի վերջո ստանում են հիանալի վազկանների ցեղը: Դարվինը մտածեց գուցե, վայրի