Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներսես Աշտարակեցու, Բարսեղ Բեհբութովի, Վալերիան Մադաթովի, Լազար Լազարևի և ուրիշների հետ։ Տարիներ շարունակ գտնվելով Անդրկովկասում, դեկաբրիստները շփվել են տեղի բնակիչների հետ, մոտիկից ծանոթացել նրանց կյանքին ու կենցաղին։ Ա. Բեստուժև Մարլինսկին, Ե. Լաչինովը, Ս. Գլինկան և ուրիշ դեկաբրիստներ արժեքավոր ու բազմակողմանի տեղեկություններ են թողել երկրամասի և մասնավորապես, Հայաստանի տնտեսական կյանքի, ժողովրդի նիստուկացի, ավանդույթների մասին։ Դեկաբրիստները խորացրին և նոր աստիճանի բարձրացրին ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Պուշկինն իր դեկաբրիստ ընկերներին շատ բանաստեղծություններ է ձոնել, այդ թվում և հանրահայտ «Դեպի Սիբիր» ուղերձը.

Հպարտ ապրեցեք, ով աքսորյալներ,
Խավար հանքերում հեռու Սիբիրի,
Չի կորչի իզուր աշխատանքը ձեր,
Ու ձգտումները ձեր վեհ մտքերի։

Դեկաբրիստ բանաստեղծ Ա. Ի. Օդոևսկին տաժանավայրից այսպես է պատասխանել Ա. Ս. Պուշկինին.

Չի կորչի իզուր աշխատանքը մեր,
Կայծից բոց կբռնկի:

Ռուսաստանի լավագույն մարդիկ սրբությամբ էին մեծարում դեկաբրիստների հիշատակը։ «Կայծից բոց կբռնկի...» տողը դարձավ լենինյան «Իսկրա» թերթի բնաբանը: Վ. Ի. Լենինը, գնահատելով դեկաբրիստների ապստամբությունը, նշել է, որ նրանք կարևոր դեր են կատարել Ռուսաստանում հեղափոխական շարժման զարգացման գործում։

Դեկաբրիստների մասին ավելի մանրամասն դուք կարող եք կարդալ հետևյալ գրքում. Алексеев С. П., Декабристы М. «Дет лит», 1969

Դեկորատիվ արվեստ Անդերսենի մի հեքիաթում կախարդուհին բանաստեղծին է տալիս իր ակնոցն ու լսափողը, և բանաստեղծին շրջապատող բոլոր իրերը կենդանանում են ու սկսում խոսել: Եթե ամենասովորական, գրեթե չնկատվող իրերին` գավաթին, աթոռին, հագուստին, դիպչի վարպետ նկարչի կախարդական ձեռքը, նրանք նույնպես «կսկսեն խոսել», սակայն առանձնահատուկ մի լեզվով՝ գեղեցկի լեզվով: Ցանկացած նյութ գեղեցիկ է, բայց նրա գեղեցկությունը միանգամից չէ, որ երևան է գալիս: Կավի անմշակ, գորշ կտորը ուշադրության չես արժանացնի, բայց այ, օրինակ, հայ բրուտի հմուտ ձեռքով այդ փափուկ, դյուրաբեկ նյութից ծնունդ են առնում զարդարուն, ասես անզգուշորեն վառ ջնարակով ցողված գավաթներ, սկահակներ, սափորներ: Անտառին հատուկ խեժահոտ բուրող սոճու բունը մարդու ձեռքով նորից կենդանություն է առնում: Բոգորոդսկցի վարպետ-խաղալիքագործը, բնի վրայից փրփրանման տաշեղ հանելով, ասես մաքրում-բացում է գեղեցկահյուս մանրաթելերի թաքնված նախշը, մուգ ոստերի խայտերն