Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դպրոցները, մշակութային կազմակերպությունները, պարբերականները։ Սկսած 1946 թ. հազարավոր իրանահայեր ներգաղթել են Սովետական Հայաստան և լծվել հայրենի երկրի զարգացման գործին։

Իրավունքներ և պարտականություններ

Սովետական երկրում ապրող յուրաքանչյուր մարդ լավ գիտե, որ մեր պետությունն իր քաղաքացիներին այնպիսի իրավունքներ է տալիս, որոնց մասին կապիտալիստական երկրների աշխատավորները երազում են միայն։ Մեր երկրի աշխատավորներն ունեն ամենամեծ, ամենահրաշալի իրավունքը` հարազատ պետության գործերը կառավարելու իրավունքը։ Երբ մենք խոսում ենք սովետական մարդկանց աշխատանքի իրավունքի մասին, այդ նշանակում է, որ Սովետական Միությունում յուրաքանչյուր չափահաս մարդ իրոք ապահովված է աշխատանքով և կարող է իր ուժերն ու գիտելիքները գործադրել ի շահ հասարակության։ Երբ մենք խոսում ենք սովետական մարդկանց հանգստի իրավունքի մասին, այդ նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատավոր օգտվում է ամենամյա վճարովի արձակուրդից և շաբաթական հանգստյան օրերից։ Պետությունը հոգում է, որպեսզի աշխատավորների տնօրինությանը հանձնվեն է՛լ ավելի շատ հանգստյան տներ, առողջարաններ, ակումբներ, լողավազաններ, մարզահրապարակներ, այն ամենը, ինչ հանգիստը դարձնում է առողջ, կուլտուրական և օգտակար։ Երբ մենք խոսում ենք սովետական մարդկանց կրթության իրավունքի մասին, այդ նշանակում է, որ մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ամեն ոք կարողանա միջնակարգ կրթություն ստանալ և շարունակել ուսումը տեխնիկումներում, ինստիտուտներում, համալսարաններում։ Սովետական մարդիկ հպարտանում են իրենց իրավունքներով։ Բայց նրանք իրենց ժողովրդի և պետության հանդեպ նաև լուրջ պարտականություններ ունեն՝ ՍՍՀՄ քաղաքացու պարտականությունները։ Սովետական մարդիկ քրտնաջան աշխատանքով ստեղծում են երկրի հարստությունը։ Աշխատանքը յուրաքանչյուրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունը։