հեռանիստեր։ Տուփերը, գրքերը, արկղերը, պահարանները և, մինչև անգամ, նորակառույց հսկա շենքերն ամենից հաճախ զուգահեռանիստի ձև են ունենում։ Չէ՞ որ նրանց բոլոր նիստերը զուգահեռագծեր են (նույնիսկ ուղղանկյուններ), իսկ հանդիպակաց նիստերն անպայման զուգահեռ են իրար։ Բայց, ի տարբերություն խորանարդի, զուգահեռանիստի լայնությունը, բարձրությունն ու երկարությունը կարող են խիստ տարբերվել միմյանցից։
Խորդենի
Եթե հրաշքով խորդենին խոսել սկսեր, հավանաբար, կդժգոհեր մեզանից։ Եվ գիտե՞ք ինչու։ Որովհետև այդ անուշաբույր և գեղեցիկ, բաց վարդագույն ծաղիկներով բույսը երկար ժամանակ մեր բնակարանների լուսամուտագոգերի մշտական «բնակիչն» էր, մինչդեռ հիմա, ցավոք, գրեթե իսպառ «վտարված է» քաղաքային բնակարաններից և միայն գյուղական տների հատ ու կենտ պատուհաններ է զարդարում: Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղի Եվրոպա է բերվել 17-րդ դարի վերջին` որպես դեկորատիվ բույս: Խորդենու բազմաթիվ տեսակներ կան, որոնք միմյանցից տարբերվում են ծաղիկների ու տերևների գույնով ու ձևով: Ամենից մեծ նշանակություն ունի վարդաբույր խորդենին, որից ստանում են արժեքավոր եթերայուղ: Առաջին անգամ խորդենուց եթերայուղ ստացել են Ֆրանսիայում, անցյալ դարի կեսերին: Խորդենին լայնորեն մշակվում է նաև Ալժիրում, Իսպանիայում, Ճապոնիայում, Իտալիայում: ՍՍՀՄ-ում խորդենու առաջին արդյունաբերական տնկումները կատարվել են Աբխազիայում (Վրացական ՍՍՀ), 1929 թ.։ Ապա այն սկսել են մշակել նաև Հայաստանում, Տաջիկստանում։ Մեր հանրապետությունում խորդենին մշակվում է 1938 թ.՝ Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններում։ Այսօր Հոկտեմբերյանում գործում է խորդենու պետական տնտեսություն-գործարան։ Հայկական ՍՍՀ տալիս է ՍՍՀՄ-ում արտադրվող խորդենու եթերայուղի 60 տոկոսը։
Վարդաբույր խորդենին ունի բավականին հզոր արմատներ։ Նրա ճյուղավորված ցողուններն ու կլորավուն տերևները պատված են նուրբ մազմզուկներով։ Պտուղ ու սերմ հազվադեպ է տալիս, բազմացվում է կտրոններով։ Ջերմասեր, լուսասեր ու խոնավասեր բույս է, մինուս 2-3 աստիճանում արդեն կարող է ցրտահարվել։ Սիրում է սննդանյութերով հարուստ հողեր: Խորդենու եթերայուղը շատ հաճելի բույր ունի, կանաչավուն կամ դեղնավուն երանգ: Իր հատկություններով այն չի զիջում վարդի յուղին: Օգտագործվում է բազմատեսակ օծանելիքներ, օճառներ պատրաստելիս: Կիրառվում է նաև սննդարդյունաբերության մեջ` հրուշակեղենին, ոչ ալկոհոլային խմիչքներին բուրմունք տալու համար: Խորդենին օժտված է բուժիչ հատկություններով. նրա բույրը բուժում է գլխացավը, օգնում անքնությամբ տառապողին, իսկ արմատներից պատրաստված թուրմն ունի հակաբորբոքային ազդեցություն: Պատահական չէ, որ այն աճեցնում են նաև առողջարաններում: Եվ խորդենին, հավանաբար, շատ կուրախանա, եթե այն կրկին աճեցնեիք ձեր սենյակում:
Խրախճանականներ
Ասում են, այս դեպքը պատահել է 6-րդ դարում: Պարսկական զորքի դեմ տարած հաղթանակից հետո հայ իշխան Զոհրակ Կամսարականը զինվորների հետ վերադառնում էր իր ամրոցը: Հանկարծ զինվորները նկատեցին, որ ճանապարհից դուրս դաշտի խանձված խոտերին նստած է պատառոտված հագուստով, երկար մազերով ու մինչև գոտին հասնող մորուքով մի մարդ:
-Անմիջապե՛ս ինձ մոտ բերեք դրան, տեսնենք, ի՞նչ մարդ է, ողջ երկրում պարսկական լրտեսներ են վխտում,-հրամայեց Զոհրակ Կամսարականը: