Ձմռանը նույնպես հաճելի է Ծաղկաձորում։ Դահուկային սպորտի սիրահարները լավ նվեր ստացան Սովետական Հայաստանի կեսդարյա հոբելյանին։ Նրանք այժմ Թեղենիս կարող են բարձրանալ Տանձաղբյուրի ձորից սկիզբ առնող ճոպանուղով, որի երկարությունը 4699 մ է, իսկ բարձրությունը` 544 մ։
Ծաղկաձորը հայտնի է նաև իր ճարտարապետական հուշարձաններով, որոնցից ամենանշանավորը 11-13-րդ դարերում կառուցված Կեչառիսի վանքն է իր չորս եկեղեցիներով։ Այստեղ ապրել ու գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու գործիչներ։ Վանքի շրջապատում կան շատ նրբակերտ խաչքարեր ու տապանաքարեր։ Պիոներները հաճախ են գալիս այստեղ ծանոթանալու մեր միջնադարյան ճարտարապետական արվեստին։ Ծաղկաձորում պիոներները կազդուրվում են, ամրանում, ծանոթանում հայրենի բնության բուսական ու կենդանական աշխարհին և ուժ ու գիտելիքներ ամբարած՝ սեպտեմբերին բռնում են դպրոցի ճամփան։
Ծաղկաջերմոց, ջերմատուն, ջերմոց
Դրսում ձյուն է։ Քամին տարուբերում է ծառերի մերկ ճյուղերը։ Իսկ սենյակում, սեղանին, թարմ ծաղիկներ են ու բանջարեղեն։ Որտեղի՞ց են դրանք հայտնվել։ Գուցե, հարավային տաք երկրների՞ց։ Ամենևին էլ ոչ, բանջարեղենն ու ծաղիկներն աճել ու հասունացել են մոտակա ապակե տանիքներով «տներում»։
Ապակե կառույցների մի մասն իսկական տան չափ է՝ իսկ և իսկ հսկա արմավենու բարձրության։ Չէ՞ որ արմավենին հարավից եկած հյուր է և չի կարող աճել հյուսիսի բաց երկնքի տակ։ Մինչդեռ այդպիսի բարձր, ապակեպատ ծաղկաջերմոցում իրեն լավ է զգում։ Այնտեղ տաք է ու խոնավ, հարկավոր պահին արհեստական անձրև է տեղում, օդն էլ մաքրվում է ու տաքացվում։ Ամպամած օրերին վառվում են արհեստական արևները էլեկտրական հսկայական լամպերը։ Ծաղկաջերմոցում աճող նարնջենիների ու կիտրոնենիների, արմավենիների ու նուրբ ծաղիկների համար սարսափելի չեն, անգամ, ամենացուրտ ձմեռվա սառնամանիքները:
Կան նաև ապակեպատ տանիքով ցածր, ծնկաչափ բարձրության տներ՝ ջերմոցներ։ Ջերմոցները խոր փոսեր են՝ լցված պարարտացված ու խոնավ հողով, որի տակ երբեմն գոմաղբի շերտ են փռում։ Գոմաղբն այստեղ յուրատեսակ «վառարանի» դեր է խաղում, երբ այն փտում է, ջերմություն է անջատվում։ Ապակե տանիքը բույսերին պաշտպանում է սառը քամիներից, բայց ներս թողնում արևի ճառագայթները։ Զարմանալի չէ, որ ջերմոցների «բնակիչներն» իրենց հիանալի են զգում նաև վաղ գարնան ցրտերին։ Ջերմոցային տնտեսություններում աճեցնում են վաղահաս բանջարեղեն՝ բողկ, հազար (սալաթ), վարունգ կամ էլ սածիլներ, որոնք տաքերն ընկնելուն պես տեղափոխում ու տնկում են բանջարանոցներում:
Ջերմատներն ապակեպատ տանիքով ու պատերով շինություններ են, որոնք ջեռուցվում են, սովորաբար, տաք ջրով։ Այստեղ կլոր տարին բանջարեղեն են աճեցնում՝ սոխ, մաղադանոս, վարունգ, լոլիկ և այլն։ Ջերմատները լուսավորում են նաև էլեկտրալամպերով, իսկ խողովակները մատուցում են ոռոգման համար անհրաժեշտ ջուրը։