Այդ դեպքում նա իր ստեղծագործությունները հրատարակում է մտացածին, հորինած անունով: Բազմաթիվ կարող են լինել այն պատճառները, որոնք արվեստի մարդկանց հարկադրում են իրենց իսկական անունները փոխարինել մտացածինով, այսինքն՝ կեղծանունով։ Դա իրենց գործն է, իրենց գաղտնիքը, որը ոչ ոք իրավունք չունի բացահայտելու առանց թույլտվության։ Դուք արդեն առիթ եք ունեցել հանդիպելու կեղծանվան, թեև, հնարավոր է, չեք իմացել այդ մասին։ Մաքսիմ Գորկի անունը, որ հայտնի է աշխարհին, Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկովի կեղծանունն է։ «Չուկի և Գեկի», «Երկնագույն թասի», «Թիմուրը և իր ջոկատը» գրքերի հեղինակ Արկադի Պետրովիչ Դոլիկովը հայտնի է Գայդար կեղծանունով։ «Գայդար» մոնղոլերեն բառը նշանակում է «առջևից սլացող հեծյալ»։ Այդ անունը շատ է սազում հեղափոխության զինվորին ու գրողին։
Կեղծանուն են ունեցել շատ հայ գրողներ, արվեստագետներ։ Այսպես, Րաֆֆին Հակոբ Մելիք-Հակոբյանի կեղծանունն է, Նար-Դոսը՝ Միքայել Հովհաննիսյանի, Սիամանթոն՝ Ատոմ Յարճանյանի, Չարենցը՝ Եղիշե Սողոմոնյանի, Շիրազը՝ Օնիկ Կարապետյանի, Ժասմենը՝ դերասանուհի Մարիամ Գրիգորյանի, Սյունին՝ կոմպոզիտոր Գրիգոր Միրզոյանի և այլն։ 1915 թ. Մեծ եղեռնից փրկված բանաստեղծ Կարապետ Թաշճյանը ընտրել է Ազատ Վշտունի կեղծանունը։ 1905 թ. ռուսական առաջին հեղափոխությունից մի քանի տարի առաջ իր բանաստեղծությունները սկսեց տպագրել Եֆիմ Ալեքսանդրովիչ Պրիդվորովը։ Դրանք նա ստորագրում էր Դեմյան Բեդնի կեղծանունով։ Այդ անունը նա ընտրեց, որպեսզի բոլորն իմանային, որ ինքը աղքատների, բանվորների ու գյուղացիների բանաստեղծն է (ռուսերեն «բեդնի» բառը նշանակում է «աղքատ»)։ Կեղծանունից հաճախ օգտվում էին նաև հեղափոխական գործիչները։ Օրինակ, հեղափոխական ու պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանն ընտրել էր Մարտունի կեղծանունը։ Վլադիմիր Իլյիչ Ուլյանովը մինչև հեղափոխությունն իր հոդվածներն ստորագրում էր տարբեր կեղծանուններով` Վլ. Իլյին, Կ. Տուլին, Ն. Ուլյանով, ավելի հաճախ՝ Ն. Լենին։ Լենին կեղծանունը հետագայում դարձավ կոմունիստական կուսակցության և սովետական պետության հիմնադրի մշտական անունը։
Կենգուրու
Սա մի շատ ինքնատիպ կենդանի է։ Նույնիսկ կենդանաբանական այգում կարելի է տեսնել, թե ինչպես մոր փորի վրայի պարկից հանկարծ դուրս է ցցվում կենգուրուի ձագի հետաքրքրասեր դնչիկը։ Իսկ եթե ձագը նստած է լինում մոր կողքին, ամենաչնչին վտանգի դեպքում իսկ անմիջապես գլխիվայր նետվում է պարկի մեջ, հետո արդեն ուղղվում։ Այդ պարկը մաշկի խոր ծալք է, որը ծածկում է կենգուրուի գրեթե ամբողջ որովայնը։ Կենգուրուի ձագը ծնվում է կույր, լրիվ մերկ ու շատ փոքրիկ։ Հսկա, շիկակարմիր կենգուրուից, որի երկարությունը պոչի հետ միասին հասնում է մինչև երկու և կես մետրի, ծնվում է ընդամենը 3 սմ մեծության ձագ։ Ծնվելուց անմիջապես հետո ձագը կատարում է իր առաջին ճամփորդությունը, առանց մոր օգնության, իր սուր ճանկերով կառչելով մոր փորի մազերին, հասնում է պարկին ու ներս սողոսկում։