Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ վառելիք է։ Բնափայտից պատրաստում են նրբատախտակ, կահույք, ստանում բևեկնախեժ, փայտի սպիրտ, քացախ։ Կարելիայում, Բելոռուսիայում, Լատվիայում, ինչպես նաև Սկանդինավյան երկրներում աճում են այնպիսի կեչիներ, որոնց բնի ներքևի մասում կան հոծ, ամուր կոշտուկներ. նրանցից կացինն անգամ ետ է հրվում։ Այդ կեչին անվանում են կարելական։ Նրա բնափայտից կարելի է պատրաստել գեղարվեստական կահույք, զարդատուփեր, զանազան զարդեր։ Կարելական կեչին շատ հազվադեպ է հանդիպում։ Այդ է պատճառը, որ այժմ փորձում են այն աճեցնել արհեստական ճանապարհով։

Կեչի աճում է նաև մեր հանրապետության մի շարք, շրջաններում՝ անտառներում, առանձին խմբերով կամ միայնակ։ Մարմարիկ գետի հովտում և Սևանի ավազանում կարելի է հանդիպել, նույնիսկ, կեչուտների։ Ամռանը հաճելի է կեչու պուրակում զբոսնելը։ Այնտեղ լույսն առատ է, օդը՝ թափանցիկ ու մաքուր։

Կեպլեր Յոհան

Գերմանացի աստղագետ Յոհան Կեպլրը գիտության համար նոր ու կարևոր շատ բան է հայտնագործել։ Զուր չէ, որ նրան մեծ գիտնական են համարում։ Մանուկ Յոհանը, որ թուլակազմ էր ու հիվանդոտ, պանդոկում աշխատող հորն օգնում էր սպասարկելու հաճախորդներին։ Բայց նա շատ էր ուզում սովորել, և գյուղական ուսուցիչը տղային օգնեց դպրոց ընդունվելու։ Ավելի ուշ, երբ Կեպլերն ուսանում էր համալսարանում և պատրաստվում քահանա ձեռնադրվելու, իմացավ Կոպեռնիկոսի ուսմունքի մասին։ Պարզվում է, ուրեմն, որ Երկիրն ու մյուս մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը։ Բայց որո՞նք են այն պատճառները, որ նրանց հարկադրում են շարժվելու։ Բնության ո՞ր օրենքներն են կառավարում այդ շարժումը։ Իր բոլոր ազատ ժամերին Կեպլերը դիտումներ էր անում, հաշվարկում էր, գրքեր գրում։ Եվ գրեթե յուրաքանչյուր գիրք մի հայտնագործություն էր մաթեմատիկայի, ֆիզիկայի կամ աստղագիտության բնագավառում։ Յոհան Կեպլերը աստղադիտակ պատրաստեց, որն օգտագործում էր իր դիտումների ժամանակ։ Նա հայտնագործեց մոլորակների շարժման օրենքները։ Դրանց հիման վրա հանգեց այն հետևության, որ Արեգակի շուրջը մոլորակների շարժման պատճառը Արեգակի ձգողությունն է։ Օվկիանոսների և ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները Կեպլերը բացատրում էր Լուսնի ձգողությամբ, որը ջրի վիթխարի զանգվածների հարկադրում է տեղաշարժվել խիստ որոշակի ժամերի։ Կեպլերը մեծ ճշգրտությամբ հաշվարկեց մոլորակների դիրքը երկնքում՝ ցանկացած ժամանակի համար։ Նա կազմեց Արեգակի և Լուսնի խավարումների աղյուսակը և բացատրեց դրանց առաջացման պատճառները։ Երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի միջև, այն մեզանից ծածկում է Արեգակը, այսինքն՝ տեղի է ունենում Արեգակի խավարում։ Իսկ երբ Երկիրն է գտնվում Արեգակի և Լուսնի միջև, նրա ստվերն ընկնում է Լուսնի վրա, և տեղի է ունենում Լուսնի խավարում։

Կեպլերի մեծ հայտնագործությունները համաշխարհային փառքով պսակեցին նրա անունը։

Նրա մահից հետո մնացին 45 հատոր տպագրված և բազմաթիվ անտիպ գիտական աշխատություններ։ Կեպլերի հայտնագործությունները վիթխարի դեր խաղացին աստղագիտության զարգացման գործում։ Այսօր ևս դեպի Լուսին, Վեներա, Մարս