Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գորտերի որսը սահմանափակող օրենքներ սահմանել։

Որոշ երկկենցաղներ, առանձնապես գորտերն ու ակսոլոտլները, վաղուց արդեն որպես լաբորատոր կենդանիներ ծառայում են գիտությանը։

Աշխարհի գիտական լաբորատորիաները հարյուր հազարավոր գորտեր են օգտագործում։ Գիտությանը մատուցած նման զոհաբերության համար Փարիզում, նույնիսկ, գորտի հուշարձան է կանգնեցված։ Գորտերն առաջին ողնաշարավոր կենդանիներն էին, որ 1961 թ. մարտին սովետական տիեզերանավով բարձրացան Տիեզերք և բարեհաջող ետ վերադարձան։


Երկրաբան

Երկրի ընդերքում կան նավթ, քարածուխ, մետաղների հանքաքարեր, միներալներ, շինարարական ու թանկարժեք քարեր և, նույնիսկ, ջուր։ Այդ հարստություններն ուսումնասիրում և գտնում են երկրաբանները՝ Երկրի ընդերքի հետախույզները։

Իսկական երկրաբանը պետք է լինի բավականին ուժեղ ու տոկուն, համարձակ ու հաստատակամ։ Երկրաբաններն ապրում են վրաններում։ Նրանք ոտքով կտրում անցնում են հարյուրավոր կիլոմետրեր, լողալով անցնում հորդառատ գետեր, ծանր ուսապարկերով մագլցում լեռնային զառիթափերով։ Նրանց կյանքի գլխավոր օրենքն է՝ բարեկամություն, փոխօգնություն, հավատարմություն։

Առաջներում Երկրի ընդերքը հետախուզում էին բրիչով, բահով, հորատով։ Այսօր Երկրի խորքը զննելու համար երկրաբանին օգնում են բարդ սարքերը։ Նրան ծառայում են ինքնաթիռը, ամենագնացը, աերոսահնակները։ Եվ նույնիսկ հաշվարկներն այժմ կատարում են էլեկտրոնային հաշվողական մեքենաները։

Երկրաբանությունը՝ Երկրի կեղևի մասին գիտությունը, շատ բարդ է։ Երկրաբանը պետք է իմանա ֆիզիկա ու քիմիա, աշխարհագրություն ու կենսաբանություն, մաթեմատիկա ու պատմություն։ Այսօրվա երկրաբանը ուսապարկը մեջքին և մուրճը ձեռքին մարդը չէ միայն։ Նրա գլխավոր աշխատանքը սարքերի հետ է, մանրադիտակի, գրասեղանի առջև։ Այստեղ՝ գրասեղանի առջև, նա համեմատում է հազարավոր զանազան նմուշների, հարյուրավոր այլ գիտնականների ուսումնասիրությունների վերաբերյալ եղած տեղեկությունները։ Այստեղ նա կազմում է սխեմաներ, աղյուսակներ, ավելի ու ավելի մանրամասն քարտեզներ։ Եվ նման բազմաթիվ մարդկանց երկարատև, մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ վերջապես ծնվում է երկար սպասված հետևությունը՝ որտե՞ղ է գտնվում մարդկանց անհրաժեշտ հումքը, շա՞տ է այն, թե՞ ոչ, ինչպե՞ս ավելի հարմար կլինի նրան հասնելը։

Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը ուսումնասիրված էր Երկրի ընդերքի հազիվ տասներորդ մասը։ Հեռավոր և սակավ մատչելի շրջանները մնում էին իսպառ չհետազոտված։ Մեր ժամանակներում երկրաբանները հետախուզել են Սովետական Միության գրեթե ողջ տարածքը։


Երկրաշարժ

Լավ է, երբ նավարկում ես ծովում կամ երբ թռչում ես ինքնաթիռով։ Բայց, այնուհանդերձ, շատ հաճելի է, երբ ջրով կամ օդով կատարած երկարատև ճանապարհորդությունից հետո հայտնվում ես ամուր, հաստատուն հողի վրա...

Բայց երբեմն այնպես է պատահում, որ հողն սկսում է ցնցվել։ Օրորվում են առաստաղից կախված լամպերը, շրխկոցով բացվում են դռները, ճաքճքում են պատերը։ Մարդիկ սարսափահար դուրս են վազում փողոց։ Երկրաշարժ է... Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի։ Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճաքեր, տեղի են ունենում փլուզումներ։ Փոխվում է գետերի հունը, գոյանում են նոր ջրվեժներ ու լճեր։

1908 թ. երկրաշարժից ամբողջապես ավերվեց իտալական Մեսինա քաղաքը։ 1963 թ. փլատակների վերածվեց հարավսլավական Սկոպլե մեծ քաղաքը։ Իսկ 1966 թ. ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ Տաշքենդում։ Մեր ամբողջ երկիրն օգնության հասավ Սովետական Ուզբեկստանի մայրաքաղաքին։ Միութենական բոլոր հանրապետություններից այստեղ եկան շինարարներ։ Գնացքները շինանյութեր էին բերում, խոշորագույն գործարաններն ուղարկում էին անհրաժեշտ տեխնիկա և սարքավորում։ Կարճ ժամկետում քաղաքը