Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Կուլիբին Իվան Պետրովիչ

Երկարափեշ կապայով, լայն ու թավ մորուքով, միջահասակ մի մարդ ռուսական կայսրուհի Եկատերինա Երկրորդին նվիրեց բադի ձվի մեծության արտասովոր մի ժամացույց։ Ամեն ժամը մեկ բացվում էր ժամացույցի դռնակը, և այնտեղից հայտնվում էին ոսկուց ու արծաթից պատրաստված մարդուկներ։ Երաժշտության նվագակցությամբ նրանք մի ամբողջ ներկայացում էին խաղում։ Բայց չէ՞ որ նիժնինովգորոդցի այդ վարպետը ոչ մի տեղ չէր սովորել, նա ինքն էր մտահղացել ու ստեղծել այդ հրաշքը։ Կայսրուհին գոհ մնաց և գյուտարարին ծառայության հրավիրեց Պետերբուրգ։

Պետերբուրգում Կուլիբինը տնօրինում էր գիտությունների ակադեմիային կից գործող մեխանիկական արհեստանոցը։ Աշխատանք շատ կար. հարկավոր էր հետևել, որ պալատում եղած և ոչ մի ժամացույց չփչանար, հարկավոր էր նավերի համար կողմնացույցներ ու այլ գործիքներ պատրաստել, կատարել գիտնական ակադեմիկոսների պատվերները։ Նրանցից շատերն արհամարհում էին ինքնուս գյուտարարին, խանգարում աշխատել։ Մի անգամ Կուլիբինը զարմացրեց նրանց։ Ակադեմիայի բակում հավաքվել էին երևելի անձինք։ Բոլորն սպասում էին Նևա գետի համար նախատեսված փայտե կամրջի երեսունմետրանոց մոդելի փորձարկմանը։ Այդ նախագծի հեղինակը Կուլիբինն էր։ Գծագրերում կամրջի երկարությունը համարյա 300 մ էր։ «Գեղեցիկ տեսք ունի, կամարն էլ կորնթարդ է, բայց չի դիմանա, փուլ կգա,– մտածում էին ակադեմիկոսները: Նույնիսկ անգլիացիներն այսպիսի կամուրջ չեն կառուցել»։ Կամրջի վրա 20 կիլոգրամանոց բեռ դրին, հետո՝ էլի նույնքան... Կամուրջը չցնցվեց։ Ապա երկաթի կտորներ ու աղյուսներ ավելացրին, բայց կամուրջը դարձյալ կանգուն էր։ Այդժամ Կուլիբինն ինքը բարձրացավ նրա վրա և հրավիրեց նաև մյուսներին։ Կամուրջը դիմացավ։ Գյուտարարին շնորհավորեցին, բայց այդ մոդելով կամուրջ այդպես էլ չկառուցվեց, գանձարանում դրամ չկար, կամուրջն էլ ոչ ոքի չէր հետաքրքրում։ Ավելի հաճախ կիրառում էին գտնում այն գյուտերը, որոնք զվարճացնում էին թագուհուն։ Տոնահանդե՞ս պիտի լինի՝ Կուլիբինին հանձնարարվում է հրավառություն սարքել։ Թագուհին ցանկանում է Լուսինը դիտել` Կուլիբինը նրա համար աստղադիտակ պիտի պատրաստի: Իսկ երբ պատրաստեց, խոհերի մեջ ընկավ, եթե մոմի դիմաց հայելի դրվի, լույսը կանդրադառնա։ Կստացվի, թե երկու մոմ են լուսավորում։ Եթե մեկ ուրիշ հայելի էլ դրվի, կստացվի երեք մոմ, իսկ եթե տաս հայելի դրվի... Չափազանց պայծառ լույս կստացվի։ Եվ Կուլիբինը լապտեր կառուցեց, որում մեկ մոմի լույսն անդրադառնում էր նիստավորված կիսագնդից: Ամեն մի նիստը մի-մի հայելի էր։ Այդ լապտերը այսօրվա լուսարձակի «նախնին» էր։

Կյանքի 83 տարիների ընթացքում այդ տաղանդավոր ինքնուս վարպետը, որը տակավին վաղ հասակից դրսևորել էր մեխանիկական զանազան սարքեր պատրաստելու բացառիկ ունակություններ, շատ բան ստեղծեց՝ է՛լ ինքնաշարժ կառք, որը շարժվում էր ոտնակների օգնությամբ, է՛լ փարոսի լապտեր, է՛լ օրացույցով աստղագիտական ժամացույց... Սակայն նրա գյուտերի քիչ մասը կիրառություն գտավ։ Ցարական մեծատոհմիկներին դրանք չէին հետաքրքրում։

Կուլիբինը մահացավ իր ծննդավայրում՝ Նիժնի Նովգորոդում, ծայր աղքատության մեջ, կիսելով ժողովրդից ելած բազմաթիվ տաղանդավոր մարդկանց ճակատագիրը։

Իվան Պետրովիչ Կուլիբինի դժվարին կյանքի և հրաշալի գյուտերի մասին դուք կարող եք կարդալ հետևյալ գրքում.

Иван А., Художник механических дел., М., «Дет. лит.», 1972