Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կուղբ

Կուղբը շատ հետաքրքիր գազան է։ Միայն նա է կարողանում գետակներում և առվակներում իսկական ամբարտակներ կառուցել, անտառում իսկական ջրանցքներ բացել և հմուտ փայտահատի նման հաստ ծառեր հատել ու հյուղականման բներ շինել։ Կուղբի դիմացկուն, ճյուղերից հմտորեն շարված ու գետի տիղմով ամրացված ամբարտակը կանգուն է մնում անգամ հորդացումների ժամանակ։ Ահա ամբարտակն արդեն պատրաստ է, առվակի ջուրն էլ, բարձրանալով, առաջացրել է անտառային մի մեծ լճակ, իսկ լճակի մեջտեղում ցցվել է կուղբի հյուղակը։ Այն նույնպես, ինչպես և ամբարտակը, կառուցված է ճյուղերից և լավ սվաղված գետի տիղմով։ Հյուղակի բարձրությունը մինչև 2 մ է, իսկ հիմքի տրամագիծը՝ 3 մ և ավելի։ Կուղբերը լճակի ջրի մակարդակն այնպես են պահպանում, որ հյուղակի մուտքը միշտ ջրի տակ լինի, և ոչ մի օտար էակ չկարողանա մտնել այնտեղ: Հյուղակի ներսը տաք է ու ընդարձակ։ Ցերեկը գազաններն այնտեղ հանգստանում են, իսկ երեկոյան ճանապարհվում «փայտամթերման»։

Ահա կուղբը կաղամախի կամ ուռենի գտավ։ Նա սկսում է չորս կողմից կրծել ծառը։ Վերջապես ծառը տապալվում է, և նրա տեղում մնում է մի սուր կոճղ։ Նման կոճղերով կարելի է անմիջապես կռահել, որ այդտեղ «աշխատել» են կուղբերը։

Տապալված ծառը կուղբերը խնամքով «մշակում» են. առանձնացնում են ճյուղերը, կրծելով մի քանի մասի բաժանում բունը, ապա այդ ամենը լճակով ուղարկում հասցնում են հյուղակի մոտ ու մեծ կույտերով դարսում նրա կողքին։ Այդ կերպ կուղբերը ձմռան պարենի պաշար են կուտակում: Երբ լճակը սառչում է, կուղբերը նստում են իրենց բնում և հաճույքով կրծոտում կաղամախու, ուռենու, կեչու, բարդու կեղևն ու երիտասարդ ճյուղերը, որ նրանք շատ են սիրում։ Եվ ահա պարզվում է, որ լճակի ափին ծառեր գրեթե չեն մնացել։ Կուղբերն սկսում են խոր ու երկար, մինչև հարյուր մետրի հասնող ջրանցքներ փորել դեպի անտառի խորքը, որոնցով այդ գազան-փայտահատները ձմռան նոր պաշար են ուղարկում դեպի իրենց բույնը։

Կուղբերը ձմեռն անց են կացնում իրենց բնում, իսկ գարնանամուտին լույս աշխարհ են գալիս փոքրիկ կուղբերը՝ մեծ մասամբ երկու կամ երեք, հազվադեպ՝ հինգ, երբեմն էլ՝ միայն մեկը։ Աշնանամուտին գազանիկներն արդեն մեծացած են լինում, և այդ ժամանակ կուղբերն ամբողջ աշխատասեր ընտանիքով շտկում են իրենց ամբարտակը, նորոգում բույնը, նոր ջրանցքներ փորում և ճյուղերի նոր պաշարներ կուտակում։ Երբ կուղբի ձագերը դառնում են երկու տարեկան, ուղևորվում են առաջին ինքնուրույն ճանապարհորդության և իրենց համար բնակության նոր տեղ փնտրում։ Եվ անտառի գետակում բարձրանում է ևս մի