Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թարգմանչաց տոն

Երբ մենք Հայաստան ժամանած հյուրերին ասում ենք, որ ունենք թարգմանչաց տոն, և այն 1600 տարվա պատմություն ունի, նրանցից շատերը մի պահ զարմանում են և ուզում են իմանալ այդ մասին։ 5-րդ դարում, Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական գրերի ստեղծումից հետո, ծնունդ առան հայ ինքնուրույն գրականությունը և թարգմանական արվեստը։ Առաջին նախադասությունը, որ թարգմանվեց ու գրվեց հայերեն, հետևյալն էր. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», այսինքն՝ «Ճանաչիր իմաստությունն ու խրատը, հասկացիր հանճարի խոսքը»։ Թարգմանական գործին ձեռնամուխ եղան Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթև կաթողիկոսը և նրանց աշակերտները, որոնք թարգմանեցին Աստվածաշունչը և ուրիշ գրքեր, ապա՝ պատմահայր Մովսես Խորենացին ու Ավարայրի ճակատամարտը (որի մասին դուք կարող եք կարդալ «Վարդան Մամիկոնյան» զրույցում) նկարագրող պատմիչ Եղիշեն, փիլիսոփաներ Եզնիկ Կողբացին ու Դավիթ Անհաղթը և շատ ուրիշներ։ Շնորհիվ հունարենից և ասորերենից կատարված հայերեն թարգմանությունների, կորստից փրկվեցին բազմաթիվ հույն ու ասորի պատմիչների, փիլիսոփաների ու բնագետների այնպիսի աշխատություններ, որոնց բնագրերը չեն պահպանվել իրենց լեզուներով և միայն հայերեն թարգմանություններով են հասել մեզ ու դարձել քաղաքակիրթ աշխարհի սեփականությունը։ Դարեր շարունակ Հայաստան խուժած թշնամիները մեր գյուղերն ու քաղաքները, վանքերն ու ամրոցները ավերելու հետ այրել ու ոչնչացրել են շատ ու շատ մագաղաթյա մատյաններ։ Բայց հայ ժողովուրդը նորից է արարել, նոր մատյաններ ստեղծել, թարգմանել ու ծաղկազարդել շատ գրքեր ու ապավինել հանճարների խոսքին ու իմաստությանը։ Թարգմանչաց տոնը, որը նշվում էր ամեն տարվա հոկտեմբերին՝ հատուկ տոնահանդեսներով, հայ դպրության ու մշակույթի տոնն է։ Նրանով մեր ժողովուրդն իր երախտագիտությունն ու սերն է արտահայտել իր մեծ զավակներին։ Թարգմանական գործը հարատևեց հայ ժողովրդի գոյության բոլոր ժամանակներում։ Այն անհամեմատ մեծ թափ է ստացել մեր օրերում։ Հայերեն են թարգմանվել համաշխարհային գրականության բազմաքանակ գոհարներ։ Ինչպես Սովետական Միության մյուս ժողովուրդները, այնպես էլ հայ ժողովուրդը լայն հնարավորություն է ձեռք բերել առատորեն թարգմանելու և աշխարհի ուշադրությանը ներկայացնելու իր ստեղծած հին ու նոր արժեքները։ Սովետական իշխանության տարիներին ավելի շատ հայ մշակութային արժեքներ են ներկայացվել աշխարհի ժողովուրդներին, քան մեր պատմության բոլոր դարերի ընթացքում։ Դրա շնորհիվ այդ ժողովուրդներն արդեն գիտեն մեր գրականությունն ու արվեստը, Մովսես Խորենացուն ու Դավիթ Անհաղթին, Գրիգոր Նարեկացուն ու Նահապետ Քուչակին, Հ. Թումանյանին ու Ավ. Իսահակյանին, Ե. Չարենցին, Հ. Շիրազին ու Պ. Սևակին, մեր ժամանակակիցներին։ Սկսած 1979 թ., երեք տարին մեկ անգամ, Սովետական Հայաստանում լայնորեն նշանակվում է թարգմանական արվեստի տոնը։