երեխաներին սովորեցնում ցատկել թե՛ երկարություն և թե՛ բարձրություն։ Թեթևաթլետիկական մրցումների ծրագրերում ընդգրկվում են ճիշտ այդպիսի վարժություններ, ինչպես նաև եռացատկը (հեռացատկ երեք ոստյունով) և ձողացատկը (երբ մարզիկները ձողի օգնությամբ ցատկում են մինչև երկհարկանի տան բարձրություն)։ Ձեզ ծանոթ է նաև նետումը, երեխաները հաճախ են մրցում, թե ով ավելի հեռուն կնետի քարը կամ գնդակը։ Իսկ թեթևաթլետները նետում են սկավառակ, մուրճ (ծայրին բռնակ ունեցող մետաղալարով գունդ), նիզակ ու հրում մետաղե գունդ։ Վազքը զարգացնում է շարժումների արագություն, դաստիարակում տոկունություն, ցատկը՝ արագություն և ճարպկություն, նետումը շարժումների ներդաշնակություն և ուժ։ Իսկ նա, ով ցանկանում է միաժամանակ ձեռք բերել այս բոլոր հատկությունները, զբաղվում է բազմամարտով, որը կազմված է վազքի, ցատկերի և նետումների երեք, հինգ կամ տաս վարժություններից։ Թեթև աթլետիկան ժամանակակից Օլիմպիական խաղերի գլխավոր մարզաձևն է, որի մրցումներում հաճախ են առաջնություն շահում սովետական մարզիկները։ 1952—1980 թվականների խաղերում նրանք նվաճել են 167 մեդալ, որից 54-ը ոսկե։ Սովետական թեթև աթլետիկայի պատմության մեջ հայտնի անուններ են մեր հանրապետությունում աճած թեթևաթլետներ Վ. Հովհաննիսյանը, Ա. Կոնովը, Ֆ. Մելնիկը, Ա. Տեր-Հովհաննիսյանը, Եվրոպայի եռակի չեմպիոն Ի. Տեր-Հովհաննիսյանը։
Թելման Էռնստ
1933 թ. աշխարհով մեկ տարածվեց այն լուրը, որ Գերմանիայում, ուր Հիտլերի գլխավորությամբ իշխանության գլուխ էին անցել ֆաշիստները, ձերբակալվել է գերմանական պրոլետարիատի առաջնորդ Էռնստ Թելմանը։ Այդ օրերին մոլորակի ամենատարբեր ծայրերում փողոց դուրս ելան միլիոնավոր մարդիկ՝ իրենց հետ տանելով «Ազատություն Թելմանին» մակագրությամբ պլակատներ։ Ֆաշիստները վախեցան։ Նրանք չհամարձակվեցին դատի տալ Թելմանին՝ երկյուղ կրելով, որ հեղափոխականի դատավարությունը կվերածվի ֆաշիզմի դատի։ Թելմանին առանց դատելու երկար տարիներ բանտում պահեցին։ Հիտլերականները Թելմանից վախենում էին, նույնիսկ, այն ժամանակ, երբ Եվրոպայի կեսն արդեն նրանց կրնկի տակ էր, և նրանք բարբաջում էին համաշխարհային տիրապետության ու գերմանական բանակի անպարտելիության մասին։ 1944 թ. միայն, զգալով իրենց մոտալուտ կործանումը, հիտլերականները Թելմանին գաղտնի փոխադրեցին Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարը և ստորաբար, թիկունքից, սպանեցին նրան։ Թելմանի մահվան մասին նրանք հայտարարեցին ոչ անմիջապես։ Ավելի ուշ ֆաշիստները թերթերում հրապարակեցին, թե Թելմանը զոհվել է ճամբարում, անգլոամերիկյան ավիացիայի հարձակման ժամանակ։ Նրանք վախենում էին անգամ մեռած Թելմանից, որովհետև նա միայն գերմանական կոմունիստների առաջնորդը չէր։ Նրա անունը դարձել էր աշխարհի շատ երկրների աշխատավորների հեղափոխական պայքարի դրոշը։ Դեռևս տաս տարեկան հասակում Թելմանը մասնակցել էր Համբուրգի բանվորների գործադուլին։ Ավելի ուշ անձամբ ապրել էր պատերազմի բոլոր սարսափներն ու դժվարությունները։ Ռազմաճակատից վերադարձած Էռնստ Թելմանն արդեն կոփված հեղափոխական էր, լի այն հաստատ հավատով, որ իսկական մարդու միակ նպատակը պայքարն է։ Նա դարձավ կոմունիստ, իսկ քիչ ժամանակ անց Կ. Ցետկինի