Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գեղեցկի իր օրենքները, և նրանք կառույցի տեղն ու չափերն ընտրելիս ձգտել են որ այն ներդաշնակի ու լրացնի բնական միջավայրը, այլ ոչ թե իշխի նրան։

Ավանդությունը պատմում է, որ Հռիփսիմեի տաճարը կառուցվել է հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում 5-րդ դարի հայ պատմիչ Ագաթանգեղոսն իր «Հայոց պատմություն» գրքում բերում է այդ ավանդությունը։ Երեսուներկու հռոմեական քրիստոնյա կույսեր, որոնց մեջ էր նաև Հռիփսիմեն, հալածվելով Հռոմի Դիոկղետիանոս կայսրից, փախչում և ապաստանում են Հայաստանի Վաղարշապատ մայրաքաղաքում։ Այստեղ նրանք սկսում են քարոզել իրենց ուսմունքը։ Բայց քանի որ դա արգելված էր (այն ժամանակ Հայաստանում քրիստոնեությունը պաշտոնապես դեռ չէր ընդունվել): Հայոց Տրդատ արքայի հրամանով նրանք սրատվում են Վաղարշապատից ոչ հեռու ընկած մի բլրակի վրա։

Այդ բլրակին էլ հենց 618 թ. Հայոց Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսը կառուցեց Հռիփսիմեի տաճարը։

Հռիփսիմեի տաճարը 5—7 րդ դարերի Հայաստանի գմբեթավոր եկեղեցիների առավել կատարելագործված օրինակն է։ Նրանում ներդաշնակ լուծում են ստացել։

եկեղեցական շենքի գործառական, կառուցվածքային և գեղարվեստական հարցերը։ Տաճարը ներսից ունի ամբողջական ու գեղեցիկ սրահ։ Այն ձևավորված է մեծ ու փոքր ութ խորշերով և նրանց կամարներին հանգչող կորնթարդ գմբեթով։ Դրսից տաճարն ունի տարբեր բարձրության ու ձևի տանիքներ որոնք պարզ գծագրում են ներքին հորինվածքը։ Գմբեթը ծածկված է սրածայր գլխարկով, որն անվանում են վեղար։ Արտաքուստ պատերին արված են երկուական խորշեր, որոնք լույսի ու ստվերի խաղով, ասես, կենդանություն են հաղորդում կառուցվածքին։ Հռիփսիմեի տաճարի այս արտաքին խորշերը նորամուծություն էին շինարվեստում, և օտարազգի գիտնականները դրանք անվանում են «հայկական խորշեր»:

7-րդ և հետագա դարերում «հռիփսիմեատիպ» կառույցները մեծապես տարածվել են Հայաստանում՝ նաև Վրաստանում։

Հռիփսիմեի տաճարի հանդիսավոր ու խոհական գեղարվեստական կերպարը ոգեշնչել է հայ և օտարազգի շատ նկարիչների, փորագրվել ոսկե արծաթե փղոսկրե և փայտե իրերի վրա։

ՀՍՍՀ սահմանադրություն

1922 թ փետրվարյան մի ցրտաշունչ օր Երևանում բացվեց բանվորների գյուղացիների և կարմիրգվարդիականների դեպուտատների սովետների 1-ին համագումարը։ Այդ օրը շրջադարձային էր հայ ժողովրդի կյանքում։ Փոքրիկ դահլիճում հավաքված աշխատավորության ներկայացուցիչների 252 պատգամավորների որոտալից ծափերի ներքո ընդունվեց Սովետական Հայաստանի առաջին սահմանադրությունը մեր հանրապետության հիմնական օրենքը։ Իր ազգային գոյության իր ազատության համար մաքառած հայ ժողովուրդը վերագտնում էր դարեր առաջ կորցրած իր պետականությունը։ Այդ առաջին սահմանադրությամբ Սովետական Հայաստանը հռչակվեց միասնական պետություն։

1937 թ. Հայկական ՍՍՀ ում ընդունվեց նոր սահմանադրություն։ Այն վավերացնում էր սոցիալիզմի հաղթանակը Սովետական Հայաստանում, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցած ժամանակաշրջանում մեր ժողովրդի ձեռք բերած նվաճումները տնտեսական ու մշակութային շինարարության ասպարեզներում։