Աշխարհում առաջին շուրջերկրյա նավարկությունը գիտության համար մեծ նշանակություն ունեցավ: Պտույտ գործելով Երկրի շուրջը՝ Մագելանի արշավախումբը հաստատեց Երկրի գնդաձևությունը: Առաջին անգամն էր, որ եվրոպացիները կտրեցին անցան Խաղաղ օվկիանոսը: Ծովագնացների հայտնագործած նեղուցը, որը Հարավային Ամերիկան բաժանում է Հրո երկիր կղզուց, կոչվեց Մագելանի անունով:
Մագնիս
Ձեզ ծանո՞թ է նկարում պատկերված առարկան: Դա մագնիս է Եթե վերցնեք այդպիսի մի «պայտ», մոտեցնեք ասեղին կամ մեխին, ապա կտեսնեք, որ դրանք իրենք են ընդառաջ ցատկում մագնիսին:
Մարդիկ վաղուց էին նկատել, որ մագնիսի ու մետաղե առարկաների միջև գոյություն ունի անհասկանալի մի «մտերմություն»: Որոշ ժողովուրդներ մինչև հիմա էլ մագնիսն անվանում են «սիրող քար»: Դարեր շարունակ մարդիկ փորձեր էին ցուցադրում բնական մագնիսներով՝ մագնիսական երկաթաքարի կտորներով, սակայն ոչ ոք չէր կարողանում բացատրել երկաթե իրերի հանդեպ ունեցած նրանց «սիրո» պատճառը: Երկար ժամանակ մագնիսն օգտագործում էին միայն կողմնացույցի սլաք պատրաստելու նպատակով։ Շարժական այդ սլաքի մի ծայրը միշտ ուղղված է դեպի հյուսիս, ուր Երկրի հյուսիսային մագնիսական բևեռն է, մյուսը՝ հարավ, ուր հարավային մագնիսական բևեռն է։ Հենց այդ պատճառով էլ մագնիսի ծայրերը կամ բևեռներն անվանում են հյուսիսային ու հարավային (Երկրի մագնիսական բևեռների մասին կարդացեք «Երկրի բևեռներ» զրույցում)։
Նկարից երևում է, թե ինչպես կարելի է համոզվել, որ մագնիսի տարանուն բևեռներն իրար ձգում են, իսկ նույնանունները՝ վանում, ճիշտ այնպես՝ ինչպես էլեկտրական լիցքերը:
Մագնիսը հետազոտելու ընթացքում մարդիկ ջանում էին այն բաժանել այնպիսի կտորների, որ բևեռները միմյանցից անջատվեն: Բայց ոչինչ չէր ստացվում միշտ պարզվում էր, որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր կտորը երկու բևեռ ունեցող ամբողջական մագնիս է: Ո՞րն էր դրա պատճառը: Այդ երևույթը հաջողվեց հասկանալ էլեկտրականության օգնությամբ:
Դուք, գուցե, տեսել եք, թե գործարանում ինչպես են տեղափոխում պողպատե դետալները Վերևից իջեցվում է շղթաներից կախված հաստ, շրջանաձև մի սալ, և բազմաթիվ դետալներ իսկույն կպչում են նրան: Այնուհետև դետալներով «ծանրաբեռնված» սալը բարձրացնում են ու տեղափոխում ուր պետք է:
Այդ սալն էլեկտրամագնիս է։ Նրա գլխավոր մասը հաղորդալար փաթաթած մետաղե կոճն է: Երբ հաղորդալարով հոսանք է անցնում, կոճը դառնում է մագնիս: