Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«մեծական» բանաստեղծությունների հեղինակ, քնարերգու Մարշակը, ապա նաև՝ Մարշակ-երգիծաբանը՝ խայթիչ էպիգրամների (մակագրերի), երգիծական սուր բանաստեղծությունների ու պլակատների հեղինակը: Կար հիանալի պիեսների հեղինակ Մարշակ-դրամատուրգը, վերջապես, Մարշակ-հեքիաթագիրը... Համարձակորեն կարելի է ասել, որ Չուկովսկին նույնիսկ փոքր-ինչ սխալվել է, պակաս է հաշվել ռուս սովետական գրականության մեջ գործող Մարշակներին, որովհետև կային նաև խելացի ու լուրջ քննադատական հոդվածների հեղինակ Մարշակ-քննադատը, Մարշակ-արձակագիրը, որը վիպակ է գրել իր հեռավոր մանկության մասին:

Նույնիսկ մի հաստափոր գրքում հնարավոր չէ պատմել այն ամենի մասին, ինչ հասցրեց անել Ս.Յա.Մարշակն իր երկարատև կյանքի ընթացքում: Նա նաև տաղանդների հրաշալի դաստիարակ էր: Հիանալի գրքեր գրած սովետական շատ գրողներ, որոնց «հայտնագործել» է Մարշակը, ամբողջ կյանքում իրենց համարում էին նրա աշակերտները: Իսկ հնարավո՞ր է արդյոք թվել ուրիշ ժողովուրդների այն բանաստեղծների անունները, որոնց գործերը Մարշակը թարգմանել է ռուսերեն: Դրանց շարքում կան անգլիացի, գերմանացի, իտալացի, չեխ, լեհ, ղազախ, լիտվացի, հայ գրողներ: Մարշակն առաջինն էր, որ ռուս մանուկներին ծանոթացրեց Ջաննի Ռոդարիի բանաստեղծություններին: Մարշակի շնորհիվ մենք իմացանք Շալտայ-Բոլտայի մասին, այն պապի և թոռան մասին, որոնք ոչ մի կերպ չէին կարողանում վճռել, թե իրենցից ով պետք է էշով գնա, թագավորի և զինվորի մասին, որոնք վիճում էին, թե իրենցից ով է ավելի կարևորը, ուրախ և քաջ Ռոբին Հուդի մասին:

Մարշակի շատ ստեղծագործություններ, ինչպես, օրինակ, «Այն տունը, որ մի օր շինեց Ջեկոն», «Տասներկու ամիսներ», «Ձախորդ վարպետը», «Կատվի տունը» և շատ ուրիշ գործեր, թարգմանվել են հայերեն, դարձել հայ երեխաների սեփականությունը:

Մարս

Մարս մոլորակն այդպես են անվանել հին հռոմեացիներն ի պատիվ իրենց պատերազմի աստծու: Հայերն այն կոչել են Հրատ: Մարսն Արեգակից մեկ ու կես անգամ ավելի հեռու է, քան Երկիրը: Արեգակի շուրջն այն մեկ լրիվ պտույտ է կատարում 687 երկրային օրում:

Մարսի տրամագիծը գրեթե երկու անգամ փոքր է Երկրի տրամագծից: Իր առանցքի շուրջը Մարսը պտտվում է համարյա նույն արագությամբ, ինչ Երկիրը: Մարսի վրա օրն ընդամենը 37 րոպեով է երկար երկրայինից: Մարսն ունի երկու արբանյակ՝ Ֆոբոս ու Դեյմոս:

Վեներայից հետո Մարսը Երկրին ամենամոտ մոլորակն է: Այն միշտ գրավել է գիտնականների ուշադրությունը, որովհետև այնտեղ միջավայրի պայմաններն ամենից ավելի են մոտ երկրային պայմաններին: Սովետական և ամերիկյան միջմոլորակային կայանները մոտիկից հետազոտել են Մարսը և նույնիսկ վայրէջք կատարել նրա մակերևույթին:

Գիտնականները պարզել են, որ Մարսը շրջապատված է գլխավորապես ածխաթթվական գազից բաղկացած նոսր մթնոլորտով. այս պայմաններում մարդը չէր կարողանա շնչել: Մարսի մթնոլորտում երբեմն դիտվում են հավանաբար սառցաբյուրեղներից կազմված սպիտակ ամպեր: Մոլորակի վրա փչում են ուժեղ քամիներ, որոնք մթնոլորտ են բարձրացնում դեղին ավազափոշու ամպեր, այդ պատճառով էլ շատ դժվար է Մարսի մակերևույթը զննելը:

Մարսի բևեռներում երևում են բևեռային սպիտակ գլխարկներ: Դրանք կազմված են, գլխավորապես, սովորական սառույցից: Մարսի վրա եղած ջրի հիմնական պաշարները կուտակված են մոլորակի մակերևույթի տակ՝ հավերժական սառցույթի ձևով, և