1827 թ թուրքա-եգիպտական նավատորմի դեմ մղված Նավարինյան հաղթական ճակատամարտի ժամանակ Նախիմովը նավի մի մարտկոցի հրամանատար էր: Այդ ճակատամարտում նա աչքի ընկավ, խիզախության համար պարգևատրվեց և ստացավ կապիտան-լեյտենանտի կոչում: Շուտով Նախիմովը նշանակվեց նավի հրամանատար:
Նախիմովը ռազմածովային գործի գերազանց գիտակ էր: Իր ենթականերին նա սովորեցնում էր անձնական օրինակով: Ուներ կամքի մեծ ուժ և տոկունություն խստապահանջ էր, բայց և արդարացի, կարեկից էր ու հոգատար մարդկանց հանդեպ: Անսահման քաջ էր: Անձնուրաց սիրում էր հայրենի Ռուսաստանն ու իր ժողովրդին:
1853 թ հոկտեմբերին Անգլիայի և Ֆրանսիայի հրահրմամբ Թուրքիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին: Հետախուզությունը տեղեկացրեց, որ Սինոպի ծովախորշում կենտրոնացած թուրքական նավերը պատրաստվում են Կովկասի գրավմանը: Ծովակալ Նախիմովը որոշեց կտրել թշնամու ճանապարհը: Ահա այդ ժամանակ էլ հնչեցին հուշարձանի պատվանդանին փորագրված հրամանի բառերը: Նախիմովի տրամադրության տակ ընդամենը երեք ռազմանավ կար, իսկ թշնամին ուներ տասներկու նավ, որոնց պաշտպանում էին առափնյա վեց մարտկոցներ:
Նախիմովը իր նավերը կանգնեցրեց Սինոպի ծովախորշի ելքի մոտ և փակեց այնտեղ գտնվող թուրքական էսկադրայի ճանապարհը այնքան ժամանակ, մինչև հասան օգնական ուժեր:
Նոյեմբերի 18-ի առավոտյան Նախիմովը ներխուժեց ծովախորշ: Հաշվի էր առնված յուրաքանչյուր րոպեն Ռուսական նավերից ամեն մեկը նախապես գիտեր իր նշանակետը: Առաջին փոթորկալից կրակը տեղաց նավատորմապետի «Աունի Ալլահ» նավի վրա, ուր գտնվում էր թուրք ծովակալ Օսման փաշան: Չորս ժամ անց թուրքական ռազմածովային նավատորմը դադարեց գոյություն ունենալ: Օսման փաշան գերի վերցվեց: Թուրք ծովակալի թանկարժեք քարերով զարդարված կեռ սուրն անցավ Նախիմովի ձեռքը:
1854 թ մարտին Անգլիան և Ֆրանսիան իրենք պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ Ռուսական սևծովյան նավատորմը ոչնչացնելու, Ղրիմն ու Կովկասը զավթելու համար նրանք նախ պետք է գրավեին Սևաստոպոլը: 349 օր ու գիշեր տևեց քաղաքի հերոսական պաշտպանությունը, որը ծովակալ Կոռնիլովի զոհվելուց հետո գլխավորում էր Նախիմովը:
Սևաստոպոլի պաշտպանների ռազմամթերքը, պարենն ու դեղորայքը քիչ էին: Թշնամին անհամեմատ մեծաթիվ էր ու լավ զինված Սակայն քաղաքը սովի մատնելով կամ գրոհով վերցնելու նրանց բոլոր փորձերն ապարդյուն անցան Նախիմովի անընկճելի ոգին փոխանցվել էր պաշտպանության մասնակիցներին: Ամեն օր նա լինում էր առաջավոր դիրքերում և երկար զրուցում զինվորների ու նավաստիների հետ մարտնչելու կամք ներշնչելով նրանց: Շատ անգամ գլխավորում էր սվինամարտային հակագրոհները: Երկու անգամ վիրավորվեց, բայց մարտական շարքերը չլքեց:
Ցարական կառավարությունն այդ պատերազմին պատրաստ չէր և չկարողացավ օգնել սևաստոպոլցիներին: 1855 թ օգոստոսի վերջին ռուսական զորքերը ստիպված եղան թողնել քաղաքը: Դա տեղի ունեցավ արդեն Նախիմովի մահից հետո՝ հունիսի 28-ին: Պավել Ստեպանովիչը գլխից վիրավորվել էր և երկու օր անց մահացել զինվորական դաշտային հիվանդանոցում:
Սովետական ժողովուրդը հարգում է ծովակալ Նախիմովի հիշատակը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի կառավարությունը սահմանեց Նախիմովի Առաջին ու Երկրորդ աստիճանների մարտական շքանշաններ և Նախիմովի մեդալ, որոնցով պարգևատրվում են