Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջրաշիթն այնպիսի ուժով է դուրս ցայտում, որ կարող է կտրել անգամ պողպատե լինգը: Հանքախորշում այն ջարդում է ածխաշերտը, իսկ ջրի հոսքն իր հետ այնտեղից դուրս է տանում ածխի կտորները:

Այն տեղերում, ուր ածխաշերտը տարածված է Երկրի մակերևույթին համեմատաբար մոտ, ստեղծում են բացահանքեր: Բացահանքը հանքախորշ է բաց երկնքի տակ: Կավը, ավազը, ժայռերը՝ այն ամենը, ինչ ծածկում է ածխաշերտը, պայթեցնում են: Հետո բացահանք են իջնում հզոր էքսկավատորները, ջարդում հավաքում են ածուխն ու բարձում ինքնաթափներին կամ ուղղակի երկաթուղային վագոններին: Բացահանք ստեղծելը մեկ ու կես անգամ ավելի էժան է, քան հանքահոր կառուցելը: Այստեղ մարդկանց աշխատանքը հեշտանում է, իսկ յուրաքանչյուր աշխատողին ընկնող հանված ածուխը 3-4 անգամ ավելի է լինում, քան հանքահորում:

Դժվարին, բայց պատվավոր է հանքափորի մասնագիտությունը: Հանքափորների փառապանծ ընտանիքում կան շատ ու շատ անվանի մարդիկ, շքանշանակիրներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ: Եվ հենց հանքահորում էլ, Դոնբասում, 1930-ական թվականներին սկիզբ առավ սոցիալիստական հանրահայտ մրցությունը՝ ստախանովյան շարժումը, որի նախաձեռնողն էր հանքափոր Ա. Գ. Ստախանովը:

«Հասկեր»

1905 թ. սեպտեմբերին հայ մանուկների ու պատանիների գրական անդաստանը հարստացավ մի նոր հանդեսով: Թիֆլիսում (Թբիլիսիում) սկսեց լույս տեսնել մանկավարժներ Կատարինե, ապա նաև Ստեփան Լիսիցյանների խմբագրած «Հասկեր» մանկապատանեկան պատկերազարդ ամսագիրը:

Նախորդ տարիներին տարբեր հայաշատ վայրերում հրատարակված «Թութակ Հայկազյան», «Թատրոն բարեկամ մանկանց», «Բուրաստան մանկանց» («Ծաղիկ մանկանց») մանկապատանեկան հայերեն պարբերականների և իր ժամանակակցի՝ նույնպես Թիֆլիսում լույս տեսնող «Աղբյուր» հանդեսի համեմատությամբ, «Հասկերն» աչքի էր ընկնում արտաքին գեղեցիկ ձևավորմամբ և հետաքրքրաշարժ բովանդակությամբ 32 էջից բաղկացած այդ ամսագիրն առաջին իսկ համարից, որ բացվում էր Հ. Թոսմանյանի «Գառնիկ ախպեր» հայտնի հեքիաթով, դարձավ մանուկների ամսագրի սիրելի ընթերցարանը:

«Հասկեր» հանդեսում տպագրվում էին Հ. Թումանյանի, Ղ. Աղալանի, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Խնկո Ապոր, Ստ. Լիսիցյանի և ուրիշ գրողների մանկական բանաստեղծությունները, հեքիաթներն ու առակները, պատմվածքներն ու զրույցները: Նրա էջերում տեղ էին գտնում նաև ռուս և արևմտաեվրոպական մի շարք գրողների շատ ստեղծագործություններ հանդեսի նյութերը պատկերում էին իրական կյանքը, ծանոթացնում բուսական ու կենդանական աշխարհին, պատմում նշանավոր մարդկանց կյանքի ու գործունեության, հայ ժողովրդի ծագման ու ձևավորման վերաբերյալ եղած հնագույն ավանդությունների մասին: Այդ ամենի նպատակն էր մանուկներին ու պատանիներին պատվաստել մարդկային բարձր հատկանիշներ՝ սեր դեպի աշխատանքը, հայրենի բնաշխարհը,