քաջություն, բարություն, ազնվություն, դժվարությունները հաղթահարելու կորով:
Ամսագիրն ուներ «Զվարճալիք», «Այլ և այլք», «Դեսից դենից» բաժինները, որտեղ տպագրվում էին հանելուկներ, շուտասելուկներ, մանկական խաղեր, խմբական երգերի տեքստեր: Այդ նյութերը պատրաստում էին մշակութային գործիչ Մարիամ Թումանյանը, գրող և մանկավարժ Հակոբ Աղաբաբը և ուրիշներ: Մանուկներն անհամբերությամբ էին սպասում «Մարիամ տատի տոպրակից», «Մարիամ տատի հեքիաթները» խորագրերի տակ տպագրվող հետաքրքրաշարժ պատմություններին, հեքիաթներին: «Հասկերի» նյութերի մի մասը պատրաստում էին իրենք՝ երեխաները: Այդ նյութերը զետեղվում էին «Իմ հասկերը» բաժնում, որը վարում էր նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը: Ամսագիրն ուներ 24 էջից բաղկացած առանձին բաժին, որտեղ տպագրվող նյութերում քննարկվում էին մատաղ սերնդի հոգևոր ու մտավոր, ֆիզիկական ու գեղագիտական, ինչպես նաև աշխատանքային դաստիարակության հարցերը:
Ամսագրի խմբագրությունը «Մանկավարժական գրադարան» ընդհանուր խորագրով, իբրև հանդեսի հավելված, հրատարակում էր նաև մանկական հոգեբանությանը և ընտանեկան դաստիարակությանը նվիրված գրքեր: «Հասկեր» մանկական ամսագիրը լույս տեսավ մինչև 1917 թ., ապա 1922 թ.՝ միայն մեկ համար:
Հաստոց
Որքան ավտոմոբիլներ են սլանում քաղաքի փողոցներով: Եվ նրանցից ամեն մեկի մեջ հազարավոր դետալներ կան՝ լիսեռներ ու ատամնանիվներ, ուռուցիկ ծածկաթևեր ու փայլուն շրջանակով լուսարձակներ: Մի՞թե դրանք նման են մետալուրգիական գործարաններում ստացվող մետաղի հաստ ձուլուկներին:
Ցանկացած նյութից՝ մետաղից, փայտից, ապակուց, պլաստմասսայից, բամբակից, որևէ իր պատրաստելու համար հարկավոր է այդ նյութը մշակել: Նյութերը մշակում են հատուկ մեքենաներով՝ հաստոցներով: Մտնենք գործարան: Ընդարձակ արտադրամասում երկար շարքերով կանգնած են մետաղահատ հաստոցները: Դրանցով մետաղը մշակում են կտրմամբ: Մետաղը կտրում են ոչ թե դանակով, այլ շատ ամուր կտրող գործիքնկրով:
Ահա ռանդիչ հաստոցները, որոնցով մշակում են հաստ, տափակ դետալներ: Կտրիչը նրանց մակերևույթից մետաղի տաշեղներ է ռանդում հանում: Մետաղի մեջ անցքեր բացում են գայլիկոնով, գայլիկոնիչ հաստոցի վրա, իսկ ակոսները կամ բարդ ձևի անցքերը փորում են ֆրեզիչ հաստոցների վրա: Այստեղ մետաղը կտրում են ֆրեզ կոչվող գործիքները: Որոշ ֆրեզներ նման են բութ ծայրով գայլիկոնի, ուրիշները՝ սուր ատամներով անվակի: Ամեն մի կոնկրետ աշխատանքի համար կիրառվում է համապատասխան ֆրեզ: Ատամնանվի ատամները մշակում են ատամնամշակման հաստոցների վրա՝ հատուկ ֆրեզներով:
Կտրիչով մշակելուց հետո մետաղի մակերևույթն, այնուամենայնիվ, խորդուբորդ է մնում: Հարկ է լինում դետալը փոխանցել հղկիչ հաստոցին: Դուք, հավանաբար, տեսել եք, թե ինչպես են դանակները սրում «քարե» սկավառակաձև հեսանով: Ահա այդպիսի սկավառակներով դետալները փայլելու աստիճան հղկում են հղկիչ հաստոցի վրա:
Իսկ այժմ մտնենք մեկ այլ՝ դարբնոցամամլիչային արտադրամաս: Այստեղ բոլորովին ուրիշ հաստոցներ են շարված: Բանվորը պողպատի թերթը ճարպկորեն դնում է մամլիչի մեջ, և բավական է մի հարված, որ պողպատի թերթից հատվի, ասենք, օղակ: Եթե մամլիչում տեղադրվի մեկ այլ կաղապար, ապա հաստոցը կհատի շրջանակներ, աստղիկներ, քառակուսիներ, մի խոսքով, այն ամենը, ինչ հարկավոր է:
Իսկ մեկ ուրիշ մամլիչի վրա դրոշմոցը մետաղը ներսեղմում է կաղապարի մեջ, և ստացվում է ապագա դետալին նմանվող:
Մետալուրգիական գործարաններում մետաղը մշակվում է ոչ թե հաստոցներով, այլ հսկա, մի քանի կիլոմետր երկարությամբ հաստոններով: Հաստոնի մեխանիզմները շարժման մեջ են դրվում հարյուրից ավելի էլեկտրաշարժիչներով:
Տեսե՞լ եք, թե ինչպես են գրտնակով բացում կարկանդակի խմորը: Այդպես էլ ահա թերթագլոցման հսկա հաստոնը, իր գրտնակների միջև գլոցելով պողպատի շիկացած, հաստ կտորը, այն դարձնում է պողպատի բարակ թերթեր: Պողպատի թերթերը գրտնակների միջով անցնում են գնացքի արագությամբ՝ ժամում 125 կմ: Նման հաստոններ են նաև ռելսագլոցման