Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Սասունցի Դավիթ»

Ամեն մի ժողովուրդ ունի իր ժողովրդական հերոսապատումը՝ էպոսը: Մեծ հայագետ Մանուկ Աբեղյանի դիպուկ բնորոշմամբ, էպոսը տվյալ ժողովրդի ապրած կյանքի «բանաստեղծական պատմությունն է կամ պատմական բանաստեղծությունը»:

Հայկական էպոսը կոչվում է «Սասնա ծռեր», ինչպես նաև` «Սասունցի Դավիթ», քանի որ հայ ժողովրդի բնավորության նկարագրի վեհ գծերը խտացած են Էպոսի գլխավոր հերոսի՝ Դավթի մեջ: Դավիթն ունի պապ՝ Սանասարը, ունի հայր՝ Մեծ Մհերը, որդի՝ Փոքր Մհերը: Այս կերպարներից ամեն մեկը մի սերունդ է ներկայացնում, և ամեն մի սերունդ ունի իր պատմությունը, որ էպոսում կոչվում է «ճյուղ»:

Առաջին ճյուղը կոչվում է «Սանասար և Բաղդասար»: Ըստ այդ պատումի, Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի խալիֆային: Հարկի դիմաց Գագիկ թագավորի դուստր Ծովինարը ստիպված պետք է սմուսնանա Բաղդադի խալիֆայի հետ: Ծովինարը տխուր դուրս է գալիս զբոսանքի: Ճանապարհին մի ծով է տեսնում և, որովհետև ծարավ էր, ծովից հանկարծակի բխած աղբյուրից երկու բուռ ջուր է խմում: Այս երկու բուռ ջրից ծնվում են Սանասարն ու Բաղդասարը: Պատահական չէ, որ հնում հայերը պաշտել են ջուրը որպես կյանքի և ուժի աղբյուր:

Բաղդադի խալիֆան ուզում է սպանել Սանասարին ու Բաղդասարին, բայց եղբայրներն իրենք են նրան սպանում և մոր հետ փախչում իրենց պապի երկիրը: Ճանապարհին հանդիպած մի առվի ակունքին նրանք հիմնում են իրենց բերդը՝ Սասունը։ Նրանց սերունդն սկսում է աճել ու բազմանալ: Սանասարն ամուսնանում է և ունենում որդի՝ Մեծ Մհերին, որով սկսվում է Սասնա տան երկրորդ սերունդը: Ավարտում է էպոսի առաջին ճյուղը, և սկսվում երկրորդը՝ Մեծ Մհերի ճյուղը:

Մհերն այնպես է հզորացնում երկիրը, որ «հավքն իր թևով, օձն իր պորտով չեն կարող անցնել Սասունի մոտով»: Նա մեջտեղից երկու կես է անում Սասունի հացի ճանապարհը կտրող առյուծին և ստանում Առյուծաձև Մհեր անունը: Նա հիմնում է եկեղեցի՝ Մարութա Բարձր Ստվածածինը, շինում բերդեր ու կամուրջներ, Ծովասարը դարձնում իր որ սասարը. ունի իր Կաթնաղբյուրը, ուր լողանում է, ջուրը խմում և ավելի հզորանում: Մըսր երկրի տիրակայլը՝ Մելիքը, Բաղդադի խալիֆային հաջորդած Սասնա տան մյուս թշնամին, չի կարող հանդուժել Սասնա հզորությունը: Նա ուզում է հարկատու դարձնել Սասունը: Մհերը մենամարտում է Մելիքի հետ, հաղթում նրան և Մսըրն ստիպված բարեկամություն է անում Սասունի հետ: Հետո Մեծ Սհերն ու նրա կին Արմաղանն ունենում են Դավիթ որդուն: Ավարտում է երկրորդ ճուղը և սկսվում է Դավթի ճյուղը:

Կա հզոր Մսըր ու երկրորդ Մսրա Մելիք, և կա անթագավոր Սասուն ու որբ Դավիթ: Մսրա Մելիքը գրավում է Սասունը, տիրանում Մհերի կառուցած բոլոր շինություններին և հարկ հավաքում Սասունից: Դավիթը դեռ մանուկ է, բայց արդեն թշնամի է Մելիքին: Մելիքը տեսնում է Դավթի դյուցազնական ուժն ու ըմբոստ ոգին և վախենում է նրանից: Ուզում է, որ Դավիթն անցնի իր թրի տակով և մինչև կյանքի վերջը դառնա իրեն հլու հպատակ: Մսրա Մելիքը զորք է հավաքում, պաշարում Սասունը: Նրա դեմ է ելնում դեռ մանուկ, բայց Կաթնաղբյուրի ջրում լողացած ու հզորացած, հոր զենք ու զրահը հագած-կապած, Քուռկիկ Ջալալին հեծած Դավիթը: Հայրենիքի հույս Դավթին ժողովուրդը սիրով ու գորովանքով ճանապարհում է մարտադաշտ: Իր ուժի վրա վստահ, հաղթանակի հավատով լեցուն Դավիթը կռվից առաջ ազնվորեն ու մեծահոգաբար դիմում է թշնամու զորքին.

Ով քնած է՝ արթուն կացեք,
Ով արթուն է՝ ձիեր թամբեք,
Ով թամբեր է՝ զենքեր կապեք,
Ով կապեր է` էլեք, հեծեք.
Չասեք Դավիթ գող-գող եկավ,
Գող-գող գնաց:

Ահեղ մենամարտում Դավիթը սպանում է Մսրա Մելիքին: Եվ Սասունը ազատ է ընդմիշտ: Սա է էպոսի հիմնական գաղափարը՝ վերջնական հաղթանակ և հայրենիքի ազատություն: Դրա համար էլ Դավիթը կենտրոնական կերպար է, նրա ճյուղը՝ ամենահիմնականը էպոսում:

Սակայն, պետք է, որ ազատ ու բարի լինի ողջ աշխարհը, որ աշխարհի երեսից վերանա ուրիշին տիրելու, ստրկացնելու ցանկությունը, որ բոլորն ապրեն հավասար: