Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիշատիչներ՝ բորենիներ, վագրակատուներ, ընձառյուծներ:

Աֆրիկացիները սավաննայում արածեցնում են երկարաեղջյուր, սապատավոր ցուլեր: Ջրի եզերքին ձգվում են նրանց կլոր խրճիթները, բանջարանոցները, և եգիպտացորենի ու կորեկի դաշտերը:

Չորային սեզոնի ավարտին մարդիկ հրկիզում են խոտը, և կրակի ու ծխի ամպերը ծածկում են սավաննան: Խուճապահար կենդանիները հաճախ հեշտությամբ դառնում են որսորդների ավարը: Բայց առաջին իսկ անձրևների հետ հողում պահպանված արմատները ծլարձակում են, և սավաննան նորից ծածկվում է թարմ ընձյուղների կանաչ գորգով:

Սավանների նման տափաստաններ կան Ավստրալիայում, Հարավային Ասիայի որոշ վայրերում, սակայն դրանց կենդանական աշխարհն ավելի աղքատ է, իսկ զբաղեցված տարածքը՝ ավելի փոքր:

Սարգիս Պիծակ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագրերից մեկում, ի թիվս այլ բարձրարվեստ մանրանկարների, կա մի դիմանկար, որի վերևում մակագրված է «Սարգիս երեց է շինելու»: Սարգիս երեցը Սարգիս Պիծակ մանրանկարիչն է, որն էլ հենց 1338 թ. ծաղկել, այսինքն՝ պատկերազարդել է այդ ձեռագիրը (թե ովքեր էին մանրանկարիչները, ինչ է մանրանկարը, դուք կիմանաք «Մանրանկարչություն» զրույցից):

Սարգիս Պիծակի կյանքի մասին կցկտուր տեղեկություններ են մեզ հասել: Հայտնի է, որ նա ստեղծագործել է 14-րդ դարի առաջին կեսին, Կիլիկյան Հայաստանում, որը Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին 11-րդ դարում ստեղծված և մինչև 14-դարի 80-ական թվականները գոյատևած հայկական պետություն էր: Մանրանկարչի հայրը նշանավոր գրիչ (ընդօրինակող, բազմացնող) և ծաղկող Գրիգոր քահանան էր, որն իր մի քանի ձեռագրերում հիշատակել է որդու մասին: Հայտնի է նաև, որ իր վերջին ձեռագիրը` «Բժշկության ավետարանը», Սարգիս Պիծակն ընդօրինակել ու ծաղկել է 1353թ. զառամյալ հասակում:

Մեզ են հասել Սարգիս Պիծակի պատկերազարդած շուրջ 40 ձեռագրեր, որոնք Երևանի Մատենադարանից բացի, պահվում են նաև աշխարհի ուրիշ խոշոր ձեռագրատներում, թանգարաններում: Նրա ստեղծագործության ամենաբեղուն շրջանը եղել են 1310-1350 թվականները: 14-րդ դարի առաջին քառորդին արդեն նրա անունը հայտնի էր ոչ միայն Կիլիկիայում, այլև բուն Հայաստանում: Նրան պատվերներ էին տալիս երևելի շատ անձինք: Հռչակված էին նրա ծաղկած «Արքայական ավետարանը», «Բժշկության ավետարանը», Աստվածաշունչը և ուրիշ մատյաններ:

Կրոնական սյուժեներով նկարներ ստեղծելուց բացի, Սարգիս Պիծակը պատկերում էր նաև թագավորի ու թագուհու, իշխանի ու գիտնականի, հովվի ու երկագործի: