Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծառայում որպես համայն աշխարհի խաղաղության պատվար:

Սովետական Հայաստանի պետական գերբը և ՀՍՍՀ հիմնը

Եկեք ինքնաթիռով շրջագայություն կատարենք մեր հանրապետության տարածքով: Ահա ինքնաթիռը կտրվում է բետոնապատ վազքուղուց և սկսում վեր բարձրանալ: Ինքնաթիռի պատուհանից մեր առջև բացվում է մի գեղեցիկ համայնապատկեր: Ահա Արարատյան ընդարձակ դաշտավայրը, որ կանաչին է տալիս պտղատու և հատկապես խաղողի այգիները: Շիրակի դաշտում, լեռների փեշերին ոսկուն են տալիս ցորենի հասուն արտերի ուղղանկյունները: Այս ու այնտեղ վեր են խոյանում լեռները:

Սովետական Հայաստանին բնորոշ այս համայնապատկերն էլ արտացոլվել է նրա պետական գերբի վրա: Գերբի կենտրոնում Մեծ ու Փոքր Մասիսներն են, որոնք քաջ և ձախ կողմերց շրջանակված են ցորենի ոսկեհյուս հասկերով: Լեռան ստորոտին շողշողում է խաղողի հասուն ողկույզը, իսկ վերևում ճառագայթում է սովետների կարմիր աստղը: Նրա վրա պատկերված են բանվորի և գյուղացու անխախտ դաշինքի խորհրդանիշները՝ մուրճն ու մանգաղը: Գերբը եզերված է «Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն» հայատառ մակագրությամբ, իսկ ներքևի կարմիր ժապավենին հայերեն և ռուսերեն գրված են Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» հանրահայտ խոսքերը. «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»:

Այսպիսին է Սովետական Հայասանի պետական գերբը, որն ստեղծել են մեծանուն նկարիչներ Մ. Սարյանը ու Հ. Կոջոյանը, 1921 թ.:

Գերբի հետ պետության խորհրդանիշներ են նաև պետական դրոշն ու հիմնը:

Մեր հանրապետությունն ունի իր պետական հիմնը, որի երաժշտությունը 1944 թ. գրել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Ա. Խաչատրյանը, իսկ խոսքը՝ բանաստեղծ Սարմենը: Դուք բոլորդ էլ, անշուշտ, գիտեք այդ հիմնը, որը հնչում է պաշտոնական հանդիսությունների ժամանակ և փառաբանում Սովետական Հայաստանը.

Սովետական ազատ աշխարհ Հայաստան,
Բազում դարեր դաժան ճամփա դու անցար,
Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար,
Որ դառնաս դու մայր հայրենիք հայության:

Փառք քեզ, միշտ փառք, Սովետական Հայաստան,
Աշխատասեր, ճարտարագործ—շինարար,
Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան՝
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ:

Լենինն անմահ մեզ հուրն անշեջ պարգևեց,
Մեր դեմ շողաց երջանկաբեր այգաբաց,
Հոկտեմբերը կործանումից մեզ փրկեց,
Եվ տվեց մեզ նոր, պայծառ կյանք փառապանծ:

Փառք քեզ, միշտ փառք, Սովետական Հայաստան,
Աշխատասեր, ճարտարագործ—շինարար,
Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան՝
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ: