առաջին հեղափոխության ժամանակ: Արդարությանը հետամուտ՝ ապստամբում են «Պոտյումկին» զրահանավի նավաստիները, գործադուլ են անում երկաթուղային արհեստանոցների բանվորները, որոնց մեջ է Տրենտին: Պաշտպանելով արդարության համար մարտնչողների կյանքը՝ Գավրիկն ու իր պապիկը թաքցնում են ապստամբված «Պոտյոմկինի» նավաստուն:
Վ. Պ. Կատաևի վիպակում խոսքն, անշուշտ, միայն հեղափոխության հետ կապված իրադարձությունների մասին չէ: Այն ընդգրկում է պատանեկան գրեթե մեկ տարվա կյանք՝ ընկերություն, սեր, խաղեր, ճամփորդություն... Եվ կարդացածդ հիշում ես լավ ու հստակ, ասես այդ ամենը հենց քեզ հետ է կատարվել. ահա, այդպիսի հրաշալի հատկություն ունեն Վ. Պ. Կատաևի գրքերը: Դրանց լեզուն այնքան արտահայտիչ է, պարզ ու գեղեցիկ, որ բանաստեղծության նման կարող ես անգիր հիշել յուրաքանչյուր տողը:
Եթե դեռ չեք կարդացել Վ. Պ. Կատաևի «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր» վիպակը, որը լույս է տեսել նաև հայերեն, կարող եք վերցնել գրադարանից ու կարդալ:
Սպիտակուց
Սովորաբար սպիտակուց են անվանում հավի ձվի դեղնուցը շրջապատող սպիտակ թաղանթը: Իսկ գիտե՞ք, արդյոք, որ սպիտակուցները շա՜տ—շատ են, որ նրանցով է կառուցված ողջ կենդանի բնությունը: Ձվի դեղնուցը նույնպես, թեև դեղին է, զանազան սպիտակուցներից է կազմված:
Ամենուրեք, ուր կյանք կա, կան նաև սպիտակուցներ: Մկաններում գործում են սպիտակուցային անտեսանելի «զսպանակներ»: Աչքի ներքին մակերևույթը պատված է լուսազգայուն սպիտակուցի շերտով: Լուսատտիկների օրգանիզմում պարունակվող հատուկ սպիտակուցներն են, որ գիշերները «վառում են» նրանց սառը լույսը: Ծովային կատվաձկան էլեկտրական օրգանում սպիտակուցային նյութերն էլեկտրականություն են արտադրում: Սպիտակուցներն են կառավարում օրգանիզմի սնուցումը, աճը, շարժումը, զգայունակությունը, գլխուղեղի աշխատանքը: Ինչ՜եր ասես չեն անում նրանք:
Քլորոֆիլի սպիտակուցով է պայմանավորված ծառերի տերևների և այլ բույսերի կանաչ գույնը: Այդ սպիտակուցը մի հիանալի հատկություն ունի. կլանում է արևի ճառագայթներն ու նրա էներգիայի օգնությամբ համեմատաբար պարզ նյութերից՝ օդի ածխաթթվական գազից ու ջրից, ստեղծում ավելի բարդ նյութեր՝ դրանցով կառուցելով բույսի կենդանի մարմինը:
Կյանքի համար պակաս հրաշագործ պակաս կարևոր չէ մեր արյան մեջ պարունակվող կարմիր սպիտակուցը՝ հեմոգլոբինը:
Հեմոգլոբինն է, որ թոքերում կլանում է օդի հետ ներշնչվող թթվածինը և այն հասցնում մեր մարմնի բոլոր բջիջներին: Եթե հեմոգլոբինը դադարեր թթվածին տեղափոխեր, ապա մեր մարմնի բջիջները կոչնչանային:
Մեր մարմնի յուրաքանչյուր բջիջ պարունակում է մոտ հազար սպիտակուց, և այդ սպիտակուցներից ամեն մեկը կատարում է կյանքի համար կարևոր իր աշխատանքը:
Սպիտակուցները ոչ միայն բնության մեջ եղած ամենաբազմաքանակ, այլև ամենաբարդ, ամենախորհրդավոր նյութերն են: Վերջին տարիներին է միայն, որ գիտնականներն սկսել են թափանցել նրանց գաղտնիքների խորքը, պարզել շատ սպիտակուցների կառուցվածքը: Հաջորղվել է որոշ սպիտակուցներ ստանալ արհեստական ճանապարհով՝ փորձանոթներում: Շատ բան, սակայն, դեռ անհայտ է մնում: Եվ եթե դուք ապագայում ցանկանաք հետազոտող դառնալ և աշխատանքի անցնենք սպիտակուցների ուսումնասիրմամբ զբաղվող որևէ լաբորատորիայում, ապա շատ գործ կունենաք անելու:
ՍՍՀՄ սահմանադրություն
Սահմանադրությունն այն հիմնական օրենքն է, որով ղեկավարվում է տվյալ պետությունը:
Սովետական առաջին սահմանադրությունը Ռուսաստանյան Ֆեդերացիայի՝ 1918 թ. ընդունված սահմանադրությունն էր, որը մշակվել էր Վ. Ի. Լենինի անմիջական ղեկավարությամբ: 1924 թ. ընդունվեց ՍՍՀՄ−ի կազմավորումը: 1936 թ. ընդունվեց նոր սահմանադրություն, որն արտացոլում էր նախորդ սահմանադրությունից հետո անցած