ժամանակաշրջանում սովետական հասարակարգում կատարված հիմնական փոփոխությունները: 1977 թ. հոկտեմբերի 7–ին սովետական ողջ ժողովրդի ներկայացուցիչները Կրեմլի Համագումարների պալատում հաստատեցին ՍՍՀՄ–ի նոր, ներկայումս գործող սահմանադրությունը, որով ապրում են սովետական մարդիկ և որով կառավարվում է մեր պետությունը:
Տեսնենք, թե ինչ է գրված մեր սահմանադրության մեջ:
Սահմանադրության առաջին հոդվածում գրված է մեր երկրի անունը' Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն՝ ՍՍՀՄ: Այդ անունը լավ գիտեն և հպարտությամբ են արտասանում նույնիսկ փոքր երեխաները: ՍՍՀՄ–ը մեր հայրենիքն է, այստեղ ենք մենք ծնվել ու ապրում: Մեր երկիրը սովետական 15 հանրապետությունների անխախտ միությունն է:
Այդ հոդվածում խոսվում է այն մասին, որ ՍՍՀՄ–ը համաժողովրդական սոցիալիստական պետություն է։ Դա նշանակում է, որ երկրի և նրա բոլոր հարստությունների տերը աշխատավոր ժողովուրդն է, որը հարստահարիչների դեմ մղած երկարատև ու համառ պայքարում ազատություն նվաճեց։
Մեր երկրում ողջ իշխանությունը պատկանում է աշխատավորներին՝ բանվորներին, մտավորականությանը։ Ժողովրդի լավագույն ներկայացուցիչներն ընտրվում են իշխանության մարմիններում։ Բարձրագույն իշխանությունը ՍՍՀՄ Գերագույն սովետն է, որն օրենքներ է ընդունում մեր ողջ, հսկայական երկրի համար։
Սովետական Միությունը բազմազգ պետություն է։ Նրա կազմի մեջ մտնող միութենական հանրապետությունները, թեև տարբեր են, բայց բոլորը նույն իրավունքներն ունեն։ Սահմանադրությամբ հաստատված է մեր երկրի ժողովուրդների իրավահավասարությունը։ Մեզ մոտ իրավահավասար են բոլորը՝ կանայք ու տղամարդիկ, տարբեր ազգությունների մարդիկ։
ՍՍՀՄ սահմանադրության մեջ գրանցված են սովետական քաղաքացիների իրավունքները և պարտականությունները։
Գլխավոր իրավունքը աշխատանքի իրավունքն է: Աշխատելը սովետական քաղաքացիների, նաև կարևոր պարտականությունն է․ մեր երկրում ամեն ոք պետք է աշխատի: «Ով չի աշխատում, նա չի ուտում»: Մեր երկրում հնարավոր չէ, որ աշխատել ցանկացող մարդն աշխատանք չգտնի: Տեսեք, թե որքա՛ն հաճախ են ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց համար աշխատանքի հրավերի հայտարարություններ հայտնվում հայտարարությունների տախտակներին, խանութների, ձեռնարկությունների դռներին կամ հաղորդվում ռադիոյով, հեռուստատեսությամբ: Մեր երկրում գործազրկությունն ընդմիշտ վերացված է: Մինչդեռ կապատիլաստական երկրներում բանվորները գործազրկության մշտական վախ են ապրում: Գործազուրկների թիվն այնտեղ միլիոնների է հասնում:
Մեր երկրի աշխատավորներն ունեն հանգստի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ունի ամենշաբաթյա հանգստյան օրեր և ամենամյա վճարովի արձակուրդ: Կարելի է հանգստանալու և բուժվելու գնալ առողջարան, հանգստյան տուն կամ մեկնել տուրիստական շրջագայության: Իսկ դուք կարող եք գնալ պիոներական ճամբար: Պետությունը միջոցներ չի խնայում, որպեսզի մարդիկ լավագույնս օգտագործեն սահմանադրության մեջ նշված հանգստի իրավունքը, և մշտապես հոգ է տանում մարդու և նրա առողջության մասին:
Սովետական մարդիկ ունեն կրթության իրավունք: Բոլորի առջև բաց են դպրոցների, պրոֆեսիոնալ—տեխնիկական ուսումնարանների, տեխնիկումների, ինստիտուտների, համալսարանների դռները:
Սովետական պետությունն ապահովում է բոլորի անվճար ուսուցումը, ուսանողների կրթաթոշակը, ծերերի և հաշմանդամների կենսաթոշակը, ձրի բուժումը հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում:
Այս ամենը նույնպես գրված է մեր սահմանադրության մեջ:
ՍՍՀՄ նոր սահմանադրության մեջ առաջին անգամ ձևակերպվել են սովետական պետության արտաքին խաղաղասիրական քաղաքականության հիմնական սկզբունքները: Այն ամրապնդում է նաև մեր երկրի սոցիալիստական նվաճումները և սովետական ժողովրդին նպատակամղում կոմունիզմի կառուցմանը:
Սովետական մարդիկ իրավունքների հետ մեկտեղ, ունեն նաև պարտականություններ: Մենք պետք է պահպանենք ու բազմապատկենք մեր երկրի հարստությունը՝ սոցիալիստական սեփականությունը, լավ աշխատենք ու սովորենք: