Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանիչները որոնում ու գտնում էր առավելապես հասարակ մարդկանց մեջ:


Ծիծաղաշարժ դեպքերի ու արտահայտությունների անսպառ շտեմարան է «Մեծապատիվ մուրացկաններ» վիպակը: Երբ ավելի մեծանաք ու կարդաք այն, կտեսնեք, թե որքան տգետ, փառամոլ և հիմար է հարուստ վաճառական Աբիսողոմ աղան: Կճանաչեք մարդկային արժանապատվությունը կորցրած շնորհազուրկ բանաստեղծին, խմբագրին, վարժապետին, դերասանին, քահանային, լուսանկարչին: Պարոնյանը խայթող ծաղրով պատկերում է, թե ինչպես են այդ մարդիկ ստորաքարշության, խաբեության ու վերամբարձ դատարկախոսության գնով փող պոկում վաճառականից:

Հայ մամուլի պատմության մեջ պատվավոր տեղ ունեն Պարոյանի խմբագրած թերթերն ու ամսագրերը՝ «Մեղուն», «Թատրոնը», «Խիկարը», դրանց թվում և հայերեն առաջին մանկական պատկերազարդ հանդեսներից մեկը, որը կոչվում էր «Թատրոն բարեկամ մանկանց»: Այստեղ գրողը պատկերավոր ու մատչելի լեզվով երեխաներին սովորեցնում էր սիրել աշխատանքը, հոգատար լինել կենդանիների, ծառ ու թփի նկատմամբ, դառնալ հայրենիքի արժանավոր քաղաքացի:

Հ. Պարոնյանը ծնվել է Թուրքիայի Ադրիանուպոլիս քաղաքում, տեղում ստացել տարրական կրթություն, ապա մեկ տարի սովորել հունական դպրոցում: Այնուհետև ստիպված աշխատել է՝ ուսման պակասը լրացնելով ինքնակրթությամբ: Եղել է դեղագործի աշակերտ, հաշվապահ, ուսուցիչ, խմբագիր և միշտ ապրել կարիքի ու զրկանքների մեջ՝ չունենալով անգամ իր ծանր հիվանդությունը բուժելու դրամ: Պարոնյանի աշակերտներից մեկը՝ հետագայում հռչակավոր լեզվաբան Հ. Աճառյանը, պատմում է, որ մեծ երգիծաբանի սաները նյութական միջոցներ էին հանգանակում հայ ժողովրդի երկու ականավոր զավակներին՝ Հ. Պարոնյանին և Պ. Ադամյանին, օժանդակելու համար:

Ինչպես բոլոր մեծ գրողների, այնպես էլ Պարոնյանի լավագույն երկերը պահպանել են իրենց թարմությունը: Այսօր էլ մեզանում դեռևս հանդիպում են անազնվության, ձևամոլության, ծուլության, անտարբերության, ագահության դեպքեր, մայրենի լեզվի աղավաղումներ, օտարամուտ բարքերի կույր ընդօրինակումներ: Դրանց դեմ պայքարը շարունակում է և Պարոնյանն իր գրվածքներով մարտնչողների շարքերում է: Երախտագետ հայ ժողովուրդը վառ է պահում նրա հիշատակը: Երևանում կան Հակոբ Պարոնյանի անվան փողոց, դպրոց, կանգնեցված է նրա կիսանդրին: Նրա անունով է կոչվում Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնը:


Պարտիզաններ


Պարտիզանները ժողովրդական վրիժառուներ են, մարդիկ, ովքեր թշնամու զորքերի խոր թիկունքում զավթիչների դեմ զինված պայքար են մղում հանուն հայրենիքի ազատագրության և անկախության:

1812 թ. Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը վիթխարի բանակի գլուխ անցած հարձակվեց Ռուսաստանի վրա: Ռուսական զորքերը քաջաբար մարտնչում էին ֆելդմարշալ Միխայիլ Իլլաիոնովիչ Կուտուզովի հրամանատարությամբ: Թշնամու դեմ պայքարի ելան նաև պարտիզանական ջոկատները: Նրանք ազատում էին գերիներին, գրավում հակառակորդի պարենի ու զենքի գումակները, տեղեկություններ հավաքում ֆրանսիացիների շարժման ուղղության վերաբերյալ, ոչնչացնում թշնամուն, բնակչությանը պաշտպանում կողոպուտից: Գյուղացիներն իրենց առաջնորդներն ունեին: Հաջողությամբ էր գործում մերձմոսկովյան մի գյուղի բնակիչ Գերասիմ Կուրինի ջոկատը, որում հաշվվում էր 5 հզ. հետևակային և 500 հեծյալ: Ժողովրդի մեջ իր քաջությամբ հռչակվել էր Վասիլիսա Կոժինան՝ Սմոլենսկի մոտ գտնվող մի գյուղի գեղջավագի կինը: Նրա ստեղծած ջոկատը, որ կազմված էր եղաններով, կացիններով ու գերանդիներով զինված կանանցից ու պատանիներից, պաշտպանում էր գյուղը, ուղեկցորդում գերիներին: Պարտիզանների գործողությունները ռուսական բանակին օգնեցին ջախջախելու թշնամուն:

1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին սովետական ողջ ժողովուրդը պայքարի ելավ ֆաշիստական զավթիչների դեմ: Պարտիզաններն անողոք պատերազմ էին մղում թշնամու գրաված ողջ տարածքում: Պատմության մեջ պարտիզանական այդպիսի ծավալուն շարժում դեռ չէր եղել: Այդ շարժումը ղեկավարում էր կոմունիստական կուսակցությունը: Թշնամու զավթած շրջաններում