Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով, հետաքրքրաշարժ պատմություններով ու զրույցներով: Նա գրել է ավելի քան 30 առակ: Իբրև գործող անձ՝ առակներում հանդես են գալիս մարդիկ, կենդանիներ, թռչուններ, որոնց միջոցով այլաբանորեն ծաղրվում են մարդկային թերությունները, դրվատվում՝ առաքինությունները:

Վարդան Այգեկցու գրած և ժողովրդական բանահյուսություններից կամ գրավոր այլ աղբյուրներից քաղված առակներով ու զրույցներով առակագրի կենդանության օրոք (հնարավոր է՝ նաև իր ձեռքով) և հետո կազմվել են մի շարք ժողովածուներ ու կոչել «Աղվեսագիրք», որովհետև շատ առակների գործող անձը աղվեսն է: Այդ խորագրով մի ժողովածու առաջին անգամ հրապարակել է հայ տպագրիչ Ոսկան Երևանցին, 1668 թ. Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում: «Աղվեսագիրքը» թարգմանվել է վրացերեն և արաբերեն, հետագայում՝ նաև ռուսերեն: Ահա մի նմուշ այդ առակներից, որ կոչվում է «Առյուծը, գայլը և աղվեսը»:

«Առյուծը, գայլը և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի, և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին՝ բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց.

—Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին:

Եվ առյուծը բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ:

Եվ դարձյալ ասաց առյուծը աղվեսին. բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. — Ով թագավոր, աստված արդեն բաժանել է, խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ հրամենքին և գառը քեզ՝ ընթրիքին: Եվ առյուծն ասաց.

—Ով խորամանկ աղվես, քեզ ով սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել: Եվ աղվեսն ասաց. — Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան»:

Վարդան Մամիկոնյան

(388 կամ 391—451)

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի հերոսներ, որոնք, ասես, մարմնավորում են նրան, արտահայտում նրա հույզերն ու բաղձանքները, հարատևելու աննկոն կամքը: Հայրենիքի համար օրհասական պահերին նրանք իրենց կյանքն անձնուրաց նվիրում են հարազատ ժողովրդի փրկության օտար նվաճողներից հայրենի հողի ազատագրության վեհ գործին: Հայ ժողովրդի համար այդպիսի հերոս է Վադան Մամիկոնյանը, որին մեծարել են «Քաջ Վարդան», «Կարմիր Վարդան» պատվանուններով:

...5-րդ դարն էր: Հայ ժողովրդի համար ստեղծվել էր ծանր կացություն: Հայաստանը երկատվել էր ժամանակի աշխարհակալ տերությունների՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև, խորտակվել էր հայկական պետականությունը: Հայ ժողովրդի երկու հատվածներն օտարանում էին, վտանգված էր ազգի բուն իսկ գոյությունը:

Այդ օրհասական ժամանակներում հայ ժողովրդի հեռատես և հայրենանվեր զավակներն