Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարձր ցատկով կատարված ուժգին հարվածը ետ մղելը դժվար է: Բայց վալեյբոլիստները գիտեն նաև անգամ ամենավտանգավոր գնդակները ետ մղելու հնարքներ: Կռահելով հակառակորդի միտքը՝ մարզիկը ցանցից վեր է ցատկում բարձրացրած ափերով, վահանի պես փակելով թռչող գնդակի ճանապարհը: Այդ հնարքն անվանում են շրջափակում: ԿԻրառվում է կրկնակի և նույնիսկ եռակի շրջափակում, ցանցի մոտ միաժամանակ ցատկում են երկու կամ երեք մարզիկներ և օդում ափերով պատնեշ կազմում:

Սակայն միջոց կա նաև շրջափակման դեմ: Հարձակվողները գիտեն, որ շրջափակում կիրառող հակառակորդները չեն կարող «կախված մնալ» օդում, ակնթարթ անց նրանք անպայման գետնին են իջնելու: Չի՞ կարելի արդյոք նրանց խաբել: Գնդակին երկրորդը հարվածող մարզիկը ձևացնում է, թե իբր հիմա այն ցանցի մյուս կողմն է ուղարկելու և դրանով հակառակորդի երկու կամ երեք խաղացողի ստիպում է ցատկ կատարել: Մինչդեռ ինքն այդ ընթացքում գնդակը փոխանցում է խաղընկերոջը, որպեսզի սա երրորդ, գրոհն ավարտող հարվածը կատարի: Եվ այն պահին, երբ հենց նոր շրջափակում կիրառած հակառակորդներն իջնում են, գետնին գնդակն ընկնում է նրանց կիսադաշտը:

Վոլեյբոլ կարելի է խաղալ ամեն տեղ, միայն թե լինեն գնդակ, ցանց, 9X18 մ չափերով հարթ խաղադաշտ և վեցական խաղացողով երկու թիմ:

Սովետական վոլեյբոլիստները բազմաթիվ հաղթանակներ են տարել աշխարհի չեմպիոնատներում և Օլիմպիական խաղերում, նվաճել չեմպիոնների ոսկե մեդալներ:

Վրաստան

(Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում)

Բազմազան է Վրաստանի բնությունը: Նրա ափերը ողողվում են մեղմ, վիթխարի Սև ծովի տաք ջրերով. սևծովյան ափերին գտնվող Աբխազիան և Աջարիան խոնավ, մերձարևադարձային գոտիներ են, ուր շատ անձրևներ են տեղում, իսկ ձմեռ գրեթե չի լինում: Այստեղ ձգվում են նարնջի, մանդարինի, կիտրոնի այգիները, թեյի, ծաղիկների պլանտացիաները: Կոլխիդայի դաշտավայրի ճահճուտ հողերում աճում են հնդկեղեգ (բամբուկ), էվկալիպտ: Կուր և Ալազան գետերի միջին հոսանքների երկայնքով ձգվող արևոտ հովիտներրը հռչակված են իրենց խաղողի, խնձորի, տանձի, սալորի այգիներով:

Մեծ Կովկասի ձյունապատ գագաթները Վրաստանը հուսալիորեն պաշտպանում են հյուսիսային ցուրտ քամիներից: Լեռնալանջերը ծածկված են թավախիտ անտառներով, ուր աճում են սոճի ու հաճարենի, բոխի ու վեհաշուք կենի, երկաթի պես ամուր տոսախ, շագանակենի ու լիաններ: Ավելի բարձր տարածված են սլացիկ եղևիները, իսկ է՛լ ավելի վեր ալպիական մարգագետիններն են, ուր արածում են ոչխարի բազմաթիվ հոտեր:

Հարուստ բնության հետ հարուստ է նաև Վրաստանի ընդերքը: Ճիաթուրայի շրջանում արդյունահանում են մանգան, որը Փոթիի նավահանգստից առաքում են միութենական այլ հանրապետություններ և արտասահման: Քարածխի հանքավայրերի կողքին աճել են Տղիբուլի և Տղվարչելի քաղաքները: Կան նաև ուրիշ շատ օգտակար հանածոներ: Հանրապետությունում կառուցվել են ջերմաէլեկտրակայաններ գետերի վրա՝ հիդրոէլեկտրակայաններ