Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բներում հարյուր հազարների և, նույնիսկ, միլիոնների: Տարբեր են նաև նրանց բները, որոնք լինում են թե՛ ստորգետնյա, թե՛ վերգետնյա: Վերգետնյա «կառույցներ» լինում են գլանաձև ու գնդաձև, բրգաձև ու, նույնիսկ, սնկաձև և ունենում են մի քանի մետր բարձրություն:

Սակայն բոլոր տեսակի տերմիտների կենսակերպը գրեթե նույնն է: Բնի «բնակչությունը» բաժանվում է խմբերի, էգն ու արուն ցեղը շարունակողներն են, «բանվոր» տերմիտները կեր են հայթայթում, մաքրում կացարանը, խնամում փոքրիկներին, կերակրում մյուս տերմիտներին, և, վերջապես, ամուր ծնոտներով «զինվորները» տերմիտանոցը պաշտպանում են թշնամիներից, հսկում բնի բոլոր մուտքերը: Ամենափոքր իսկ վտանգի դեպքում նրանք ձայնային ազդանշան են տալիս, որին ի պատասխան տերմիտանոցի ներսից արձակվում է բարձր, երբեմն մի քանի մետրից լսելի շրշյուն: Եթե դա թշնամուն չի վախեցնում, «զինվորները» համարձակ «մարտի» են նետվում:

«Խաղաղ» ժամանակ տերմիտներն զբաղվում են սնունդ հայթայթելով կամ սերնդին կերակրելով. չէ որ որոշ տեսակների էգը տարեկան մինչև 10 մլն. ձու է դնում. այնպես որ բոլորի համար էլ աշխատանք կա: Տերմիտները չափազանց շատակեր են: Նրանց հիմնական կերը բուսական է, բայց ուտում են նաև շատ այլ բաներ: Մասնավորապես, տերմիտները սիրում են մշակված փայտանյութ` տախտակներ, հեծաններ, սյուներ, կոճափայտեր: Փոքրիկ անցք բացելով` տերմիտները մտնում են փայտի մեջ և ներսից ուտում այն, մինչդեռ առարկաների արտաքին պատերն անվնաս են մնում: Եվ մի գեղեցիկ օր ամուր թվացող տունն անսպասելիորեն վեր է ածվում ավերակի: Իսկ եթե խիստ շատ տերմիտներ են հայտնվում, ապա ոչնչացվում են գյուղեր, այգիներ ու պլանտացիաներ:

Սովետական Միության տարածքում մի քանի տեսակի տերմիտներ ապրում են Միջին Ասիայում, Մոլդավիայում և Ուկրաինայի հարավում: Ու թեև նրանք այնքան բազմաքանակ ու շատակեր չեն, ինչպես իրենց արևադարձային ցեղակիցները, բայց երբեմն նույնպես մեծ վնաս են հասցնում:

Տերյան Վահան Սուքիասի

(1885—1920)

Գեղատեսիլ Ջավախք գավառի գյուղերից մեկն է Գանձան, որն այժմ Վրացական ՍՍՀ-ի Բոգդանովկայի շրջանում է: Շատ տարիներ առաջ երեխաների հետ գյուղամիջյա գետակում լողանալու էր վազում նաև տխուր, բարի աչքերով մի տղա: Ընկերները նրան շատ էին սիրում, թեև բոլորից թուլակազմ էր ու լռիկ-մնջիկ: Ի՞նչ իմանային Գանձայի տղաները, որ իրենց ամենօրյա խաղընկերը շուտով հայտնի էր դառնալու որպես հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյան:

Վահանը նախ սովորեց հայրենի գյուղի դպրոցում, ապա` Թիֆլիսի (Թբիլիսիի) գիմնազիայում: Երբ 16 տարեկան էր, հոր հետ մեկնեց Մասկվա և ընդունվեց Լազարյան ճեմարան: Ճեմարանն ավարտելուց հետո սովորոց Մոսկվայի, ապա` Պետերբուրգի համալսարաններում:

Դեռ մանկուց Վահանի հոգում երգեր էին հնչում: Երբ մի քիչ մեծացավ, սկսեց բանաստեղծություններ գրել, սկզբում` թաքուն, հետո ցույց էր տալիս ընկերներին: Ավ. Իսահակյանը պատանի Վահանի մասին գրել է, որ նրա հոգին պարուրված է երազով, ինչպես իր հայրենի լեռները` կապույտ մշուշով: Իսկ Հ. Թումանյանը Տերյանին անվանում էր տխրանուշ Վահան: Տխրանուշ ու երազներով լի էին նաև Տերյանի բանաստեղծությունները:

Երբ Տերյանն արդեն 23 տարեկան էր, Թիֆլիսում տպագրվեց նրա բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մթնշաղի անուրջներ» վերնագրով, որ նշանակում է երեկոյի երազանքներ: Այո՛, երեկոն, մթնշաղը Տերյանի շատ բանաստեղծություններում են նկարագրված:

Ես սիրում մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:

Երեկոն Տերյանի բանաստեղծություններում թեև տխուր է, բայց դա խաղաղ ու բարի տխրություն է: Ահա, օրինակ «Տխրություն» բանաստեղծությունը.

Սահուն քայլերով աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով: