Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բառը նշանակում է «գեր ու չափից անց»:

Ուլտրաձայներ արձակում և ընկալում են դելֆինները, չղջիկները, զանազան միջատներ: Մարդը նույնպես կարող է ուլտրաձայներ արտաբերել և լսել, միայն թե... սարքերի օգնությամբ: Այդ սարքերը կոչվում են ուլտրաձայնային գեներատորներ և ընդունիչներ:

Դրանցից մեկը ձայնախորաչափն է: Նրա արձակած ուլտրաձայնն անդրադառնում է որևէ առարկայից և մեզ վերադառնում ուլտրաձայնային արձագանքի ձևով: Եթե արձագանքը արագ է վերադառնում, նշանակում է առարկան մոտ է, իսկ եթե ավելի ուշ է վերադառնում, ուրեմն առարկան հեռու է: Ուլտրաձայնային ձայնախորաչափների օգնությամբ չափում են ծովի խորությունը, որոնում—գտնում ձկան վտառներ, հայտնաբերում ստորջրյա խութեր:

Սովորելով արձակել և ընկալել ուլտրաձայնը, մարդը սկսեց ան լայնորեն կիրառել և' գիտական զանազան հետազոտություններ կատարելու համար, և' տեխնիկայում: Ուլտրաձայնի օգնությամբ կարելի է ջարդել ու փոշիացնել քարերը, գայլիկոնել ու կարել մետաղներն ու գերկարծր նյութերը, միախառնել վատ խառնվող հեղուկները:

Տարեցտարի ուլտրաձայնը ձեռք է բերում նորանոր մասնագիտություններ: Այժմ ուլտրաձայնը սպիտակեղեն է լվանում, գործվածքներ կցակարում, վերահսկում եռակցման կարանների ու ձուլուկների որակը: Ուլտրաձայնը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ:

Ուլտրաձայնի օգնությամբ մերսում են, վիրահատում, բուժում ատամները և, նույնիսկ, ախտորոշում հիվանդությունը: Ուլտրաձայնը դարձել է մարդու հավատարիմ օգնական:

Ուկրաինա

(Ուկրաինական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն)

Կարպատյան կանաչ լեռներից մինչև դոնեցյան ընդարձակ տափաստանները, Պոլեսիեի անտառներից ու մարգագետիններից մինչև Սև և Ազովի ծովերը տարածվել է Սովետական Ուկրաինան:

Ուկրաինան հզոր էլեկտրակայանների, ածխի ու երկաթահանքի` աշխարհում խոշորագույն ավազանների, բարձր զարգացած արդյունաբերության հանրապետություն է: Ոսկեփայլ ցորենի անընդգրկելի անդաստանները, շաքարի ճակնդեղի ու արևածաղկի դաշտեր, պտղատու ու խաղողի այգիներ, խաղաղ լճերի ու հարթավայրային կապույտ գետերի, Մերձկարպատների ու Անդրկարպատների լեռնային սրընթաց գետակների վրա փայլող պայծառ արև, հարավային ծովերի կապուտակ հեռաստաններ, Ղրիմի մարզական հանգրվաններ ու առողջարաններ` ահա Ուկրաինան:

Մեր եղբայրական հանրապետությունների ընտանիքում բնակչության քանակով և տնտեսական զարգացման մակարդակով Ուկրաինան երկրորդ տեղն է գրավում Ռուսաստանյան Ֆեդերացիայից հետո: Ուկրաինական ՍՍՀ–ում ապրում է Սովետական Միության բնակչության ավելի քան մեկ հինգերորդ մասը:

Այստեղ կան արդյունաբերական բազմաթիվ խոշոր քաղաքներ` Կիևը, Լվովը, Օդեսան, Խարկովը, Չեռնիգովը, Ուժգորոդը, Դնեպրոպետրովսկը, Զապորոժիեն, Դոնեցկը, Կրիվոյ Ռոգը և այլն: Այդ քաղաքների