Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ռադիո

Եթերում է «Պիոներական լուսաբացը», — այս բառերը լավ ծանոթ են մեր երկրի բոլոր պիոներներին: Ամեն առավոտ Երևանից դուք լսում եք ձեր ռադիոթերթի հաղորդումը: Առանց հեռագրի և թերթերի օգնության, տարբեր երկրների միլիոնավոր մարդիկ ռադիոյով միաժամանակ տեղեկանում են ամենավերջին նորություններին: Ռադիոյի շնորհիվ միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդիկ իրար նույնքան լավ են լսում, որքան լավ կլսեին, եթե լինեին կողք կողքի, նույն սենյակում: Ձայնն այդքան հեռու տարածություններ հաղորդում են հատուկ սարքերի` ռադիոհաղորդիչի և ռադիոընդունիչի օգնությամբ:

Ռադիոհաղորդիչում ցանկացած հնչյուն, խոսքը, երաժշտությունը փոխակերպվում է հատուկ ալիքների` ռադիոալիքների: Ռադիոհաղորդիչի անտենան ռադիոալիքները ճառագայթում է շրջապատող տարածություն: Այդ ալիքները լույսի արագությամբ հավասարապես լավ տարածվում են և′ մթնոլորտում, և′ անօդ տարածության մեջ, թափանցում ծառի, ապակու, քարի միջով: Հատվելիս ռադիոալիքները չեն միախառնվում իրար: Անտենայի օգնությամբ ռադիոընդունիչը որսում է ռադիոալիքները, ուժեղացնում դրանք ու նորից փոխակերպում խոսքի, երաժշտության և այլ հնչյունների:

Աշխարհում առաջին ռադիոընդունիչը 1895 թ. հորինել ու պատրաստել է ռուս ֆիզիկոս Ա. Ս. Պոպովը, որը ստեղծել է նաև առաջին ռադիոհաղորդիչը:

Ռադիոն հաղորդալարերի կարիք չունի. նրա ունկնդիրների թիվն անսահմանափակ է, մեծ հեռավորություններն էլ ռադիոալիքների համար խոչընդոտ չեն: Ահա թե ինչու ռադիոն դարձել է ինֆորմացիայի և պրոպագանդայի ամենատարածված միջոցների մեկը:

Իսկ գիտե՞ք արդյոք, որ հեռուստացույցը ռադիոընդունիչի կրտսեր եղբայրն է. չէ՞ որ հեռուստատեսային պատկերը հաղորդվում է ռադիոալիքների օգնությամբ:

Ինչպես և լույսն ու ձայնը, ռադիոալիքները ևս արգելքի հանդիպելիս մասնակիորեն անդրադառնում են նրանից: Անդրադարձված ալիքներով կարելի է դատել արգելքի ու նրա չափերի մասին: Դրա վրա է հիմնված ռադիոլոկացիան՝ տարածության վրա առարկաների հայտնաբերումը