Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռադիոալիքների օգնությամբ: Գիշերը, մառախուղի մեջ, մեծ հեռավորության վրա ռադիոլոկատորը «տեսնում է» այն, ինչ մատչելի չէ հեռուստատեսային «աչքին»: Ծովում լողացող նավին այլևս չի սպառնում հանկարծակի բախվելն այսբերգին, ինչը պատճառ դարձավ, որ ավելի քան 70 տարի առաջ Ատլանտյան օվկիանոսում խորտակվեր «Տիտանիկ» մարդատար նավը: Օդաչուն իր ինքնաթիռը վստահորեն է առաջ տանում ամպերի անթափանց քողի միջով: Ռադիոալիքները հուսալիորեն պաշտպանում են մեր օդային սահմանները: Ոչ մի օտար ինքնաթիռ չի կարող աննկատ թափանցել մեր հայրենիքի երկինքը:

Ռադիոյով հաղորդվող ազդանշան–հրամանների օգնությամբ ինժեներները կառավարում են իրենցից միլիոնավոր կիլոմետրեր հեռու գտնվող մեքենաների աշխատանքը: Այդպես էին կառավարվում և լուսնագնացը, և Վեներայի ու Մարսի վրա վայրէջք կատարած միջմոլորակային ավտոմատ կայանները։ Ռադիոյով կառավարվող մեքենաներն աշխատում են, այնտեղ ուր մարդու համար վտանգավոր է։

Այսօր ռադիոն տասնյակ մասնագիտություններ ունի։ Եվ մարդիկ երախտագիտությամբ են հիշում ռադիոյի գյուտարարի՝ ռուս գիտնական Ա․ Ս․ Պոպովի անունը։

Ռազին Ստեպան Տիմոֆեևիչ

(մոտ 1630—1671)

Մարդիկ ձեռքից ձեռք էին խլում թղթի փոքրիկ կտորը, ապա անծանոթներից ծածուկ կարդալու տալիս գրագետ մեկին։ -Տես է~, ինքը Ստեպան Տիմոֆեևիչն է մեզ գրում։

Շատ այդպեսի թռուցիկներ էին այն ժամանակ շրջում Ռուսիայում, բայց դրան կից միայն մեկն է մեզ հասել։ Վոյեվոդ իշխան Ռոմոդանովսկին էր այն ուղարկել ցարին, թե, իբր, տեսեք, ինչ է գրում «գող Ստենկան»։ Այն ժամանակվա ռուսական պետության հարավում գտնվող Օստրոգոժսկ քաղաքի բնակիչներին Ռազինը կոչ էր անում հավաքվել իր դրոշի ներքո, միանալ իր ազատ կազակներին, ոչնչացնել բոյարներին, ազնվականներին, հարուստ վաճառականներին։

Նշանավոր մարդ էր կազակ Ստեպան Ռազինը։ Մինչ այդ նա քաջաբար կռվել էր Ղրիմի թաթարների դեմ, Մոսկվայի դեսպանների կազմում բանակցություններ վարել կալմիկական խաների հետ։ Ցարին հավատարիմ այդպիսի մարդկանց համար բարեկեցիկ կյանքի լայն հնարավորություններ էին բացում։ Ալեքսեյ Միխայլովիչ ցարը նրանց թանկարժեք մուշտակներ ու ոսկի էր նվիրում, բարձր կոչումներ ու իշխանություն շնորհում։ Սակայն կազակ Ստեպան Տիմոֆեևիչը ոչնչով չգայթակղվեց. խիստ հաճախ էր նա ականատես եղել ժողովրդի վիշտ ու ցավին։ Երկու անգամ հարավից մինչև հեռավոր Սպիտակ ծովը կտրել անցել էր Ռուսիան։ Եվ ամենուրեք նույնն էր տեսել. գյուղացին աշխատում է ու քաղցում, իսկ բոյարը մահակով ծեծում է նրան, թե իբր քիչ է աշխատում։

Մի քանի տասնյակ տարի էր արդեն, ինչ Ռուսիայում ճորտատիրական կարգեր էին տիրում, և տարեցտարի գյուղացու վիճակը վատթարանում էր։ Առաջ փախստական գյուղացուն տերը որոնում էր միայն որոշակի ժամանակահատվածում, հիմա թագավորն իրավունք էր տվել փախստական ճորտին փնտրել անժամկետ, ցմահ։ Բայց գյուղացիները միևնույնն է իրենց ծանր վիճակից ազատվելու համար փախչում էին հարավ, դեպի լայնարձակ Դոն, ազատ կազակների մոտ։ Գնալով ավելի ու ավելի շատ փախստականներ էին կուտակվում Դոնի ափերին, բայց այստեղ էլ կյանքը դյուրին չէր: Հարուստ, ունևոր կազակները լավ էին ապրում, բայց ինչո՞վ կերակրվեին ամեն ինչ