ձյունը լեցվեցավ հարավային և արևելյան կողմեն, ոչ ուտելիք կարելի եղավ ճարել և ոչ ալ վառելիք ձյունի ու սառույցի մեջ տասը օր մեծամեծ նեղություններով ապրելես հետո, երբ եղանակը պարզեց, ճանապարհ ելա սանքայով դեպի Աղին կայարան, և հազիվ ութ ժամվան մեջ հասա այնտեղ, որ սովորաբար երեք ժամվան ճամփա է։
Այժմ որոշած եմ Թիֆլիս գնալես առաջ գնալ նախօրոք Էջմիածին և այնտեղ կատարել իմ վերջնական հետազոտություններս ու նկատողություններս, եթե իհարկե այն կողմերը սաստկապես ճարակող քոլերան ալ նվազի կամ դադարի, վասնզի կխոստովանիմ որ սաստիկ վախնալու տկարությունը ունիմ։ Օրըստօրե սկսեր է ավելնալ հետաքրքրությունս այդ մասին, վասնզի բացի տաճարին նախնական ձևեն, կարծեմ թե պիտի լուծվի նաև մի այլ խնդիր ևս, այն է՝ թրքական լեզվով ավանդաբար անոր յուչքիլիսե անվանվելը: Այժմ հարց է ծագեր իմ մտքիս մեջ, թե մի գուցե երեք եկեղեցիներեն երկրորդին հատուկ լինի արևելյան կողմի չորրորդ fronton-ին մնացորդ մասը, որուն՝ նայելով ուղղությանը, բավական ընդարձակ տեղ մը գրավելու չափ թեքություն տրված է։ Նույնպես քննելի է հարավային կողմի փակված դուռը, թե արդյոք իսկական տաճարին կվերաբերի, թե հավելյալ մասին: Ինչ որ է, այդ ամենը ժամանակին մանրամասնաբար թե՛ գրով և թե՛ գծերով պիտի պարզաբանեմ հնար եղածին չափ, միայն շատ պիտի խնդրեմ Ձեզմե, որ եթե որևէ տեղեկություն ունիք Դուք այդ յուչքիլիսե անվանվելու պատճառներուն վրա, թե պատմական և թե ավանդական, շնորհ բերեք ինձի նախապես իմացնելու ի կատարելություն շինելիք տեղեկագրիս համար: Նաև հին ճանապարհորդական տեղեկություններու մեջ թերևս տեսած լինիք նկարագրված կամ հիշատակված երեք եկեղեցիներու գոյությունը: Ես բոլորովին զուրկ եմ այդ տեսակ աղբյուրներե, նույնիսկ հասարակ հայ պատմագիրներ անգամ չեմ կարող ճարել. ձեռքս ունիմ Ալիշանի «Այրարատ»ը4 միայն որուն 232 երեսին վրա կա մի ճանապարհորդական տեղեկություն՝ կատարած 1604 թվականին, որուն մեջ հիշատակված է այսպես «Տեկտանդեր գրեաց զանց ուղևորութեան... եկն ի քննին Էջմիածին զոր և ասէ ի թուրքաց կոչել (Իւչքիլիսէ) երեք եկեղեցիս հինս, երկուքն աւերեալք մեծագոյնն շեն»[1]:
- ↑ Tournefort ևս երեք եկեղեցիներ անվաներ է՝ փոխանակ Էջմիածնի, բայց այդ մասին Ալիշանեն քաղվածույն բավարար չէ, արդյո՞ք բնագրին մեջ կգտնվի լրացուցիչ տեղեկություններ։