Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և հարկ եղավ Էջմիածին գալ և մնալս. հետևաբար վաղօրոք գրեցի Ալեքսանդրապոլ, որ հասցեիս եկած նամակներ ղրկեն Էջմիածին։ Մեկ շաբաթ եղավ, որ այստեղ եմ և դեռ նոր այսօր եկավ Ձեր նամակը։ Հետևաբար տեսա, որ արդեն անցեր է ավելի քան երկու շաբաթ և իզուր էր այլևս հեռագրել իմ որևիցե որոշմանս մասին, որովհետև նախ, Դուք չէիք կարող այդքան ժամանակ թերթի հրատարակության գործը անորոշության մատնել, իհարկե ըրիք ինչ որ Ձեր գործը կպահանջեր. երկրորդ ինծի համար ալ անհնար էր անմիջապես մի որոշում տալ այստեղեն, քանի որ մեկենասը՝ Ալեքսանդրապոլ կգտնվի, իմ Ալեքսանդրապոլ գնալս անհնար էր, զբաղումս խիստ շատ է այստեղ, պետք էր նամակ գրել մեկենասին և խնդրել, որ դրամը փոխադրե Ձեզի։ Այդպես ալ ըրի. այսօր անոր ալ մի նամակ գրեցի և խնդրեցի, որ որչափ կարելի է շուտով հասցընե Ձեզ հազար օրինակի տպագրության համար պետք եղած ծախքը 410 ֆր<անկ> (164 ռ.)2։

Դրամի վճարման մասին կասկած չունիմ, նվիրատուն թեև համեստ դաակարգի մի արհեստավոր մարդ է, սակայն վերին աստիճան պարկեշտ և պարտաճանաչ. հետևաբար գործը կասեցնելու պատճառ չիկա, հոգ չէ թե մեկ ամիս ալ ետ մնա, միայն ավելի չի ուշանա։

Ամեն կերպով վստահ եմ Ձեր վրա և համաձայն Ձեր կարգադրություններուն. ինչ կերպ որ հարմար կտեսնեք, այնպես ալ գործադրեցեք, խնդրելով միայն, որ հաճիք հոգ տանել սրբագրության և տպագրության մաքրության։ Գինի մասին ոչինչ չեմ կարող ըսել. կխոստովանիմ, որ խելքս ալ չի հասներ, միայն պիտի ըսեմ, որ որչափ որ կարելի է աժան նշանակեցեք, որպեսզի շուտ և դյուրին տարածվի։ Բավական է որ փոխադրություններու և ձրի բաժանված օրինակներու ծախքը իմ վրա չի ծանրանա։ Կկարծեմ, որ տեղական դրամով 50 կոպեկ բավական է. այս ալ դարձյալ Ձեզ կթողում։

Ձեզ արդեն վաղուց գրած եմ, որ այս մեկ հոդվածով3 չեմ սահմանափակեր «Անահիտ»<ին>4 աշխատակցելու խոստումս, կաշխատիմ միշտ իմ համեստ լումաս ձգել անոր օգտաշատ գանձարանին մեջ, հետևաբար իզուր կարծեր եք, որ ես ցանկություն չունիմ «Անահիտ»-ի մեջ տեսնելու։ Այս անգամ շտապելու պատճառը, եթե գիտնաք, շատ բնական պիտի գտնեք։ 5—6 տարիե ի վեր անամոթ բանագողներ օգտվելով իմ չի գրելես՝ շատ բան յուրացուցին բերանացի ինձմե լսելով, մանավանդ վերջերս լսեցիք որ քանի մը շատ կարևոր տեսություններս շուտով լույս տեսնելու