Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար ունեցած կարևորության աստիճանը։Կարևոր է քննել տեղական դիրքը և մոտակա քաղաքներու կամ գյուղերու հետ ունեցած հարաբերության պայմանները։
2. Առանձնապես արձանագրություն կազմել բոլոր այն կարևոր հիշատակարաններու համար, որոնք առավել կամ նվազ չափով կործանման վտանգի մեջ են. որոշ չափով պարզել վտանգի չեզոքացման անմիջական միջոցները, մինչև որ նախարարությունը հնարավորություն կունենա ձեռնարկելու անոր ամբողջական պահպանությունը։
3․ Լուսանկարել բոլոր հիշատակարանները՝ կարևոր կողմերեն․ և մասնավորապես վտանգ սպառնացող կողմերը։
4. Լուսանկարել բոլոր արձանագրություններ, քանդակապատկերներ և ֆրեսկոներ՝ նկարագրելով անոնց տեղը, դիրքը, և գտնված վիճակը։
5. Անմիջապես հավաքել անխնամ թափված հիշատակարաններու բեկորներ կամ տգիտաբար ժողովրդի քմահաճույքին ծառայեցված կարևոր բեկորներ, պատմահնագիտական մեծ արժեք ունեցող ամեն տեսակ մասնավոր առարկաները, և այս ամենը լուսանկարելով պահ տալ տեղական իշխանության և կամ երաշխավորության տակ դնել մինչև նախարարության անոնց մասին կարգադրություն անելը։
6. Ուշադրության առնել թե' եկեղեցիներու մեջ եղած ձեռագիրներ և կամ եկեղեցական ուրիշ առարկաներ, որոնք հնագիտական մեծ արժեք ունեն. հիշատակարաններն արտագրել ձեռագիրներեն. իս<կ> առարկաները լուսանկարել, նույնպես երաշխավորության տակ առնելով՝ անոնց վաճառումը կամ անհայտացում արգելելու համար։
7․ Միջոցներ ունենալ անհրաժեշտ գնումներ կատարելու, եթե կպատահին մասնավոր անհատներու մոտ արժեքավոր իրեղեններ ձ<ե>ռնտու գներով։

Արդ սպասելով Ձեր բարեհաճ պատասխանին,
մնամ խորին հարգանքներով՝ Թ. Թորամանյան


143. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1919, 29 մայիսի
Ալեքսանդրապոլ

Սիրելի և ազնիվ բարեկամ պ․ Գարեգին,

Մինչև օրս նամակ չի գրելս անհոգությանս չի վերագրեք։ Ճանապարհին երեք օր տևող ուղևորությունը մեզ ջարդ ու փշուր