Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

160. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1924, 23 հունիսի
Էջմիածին

Մեծ. ընկ․ Աշխարհբեկ Լոռու-Մելիք Քալանթարյան,

Երևի երեկվան ղրկածս մի լուրը Ձեր հասած կլինի Զվարթնոցի սահմաններին մոտ երևան եկած մի հնության մասին։ Չուզեցի լոկ լուրերի վրա հիմնված Ձեզ գրել, որը միշտ չափազանցված է լինում: Այսօր միայն հաջողվեց ինձ գնալ և տեղնուտեղը քննություն կատարել: Շտապում եմ արդյունքին մանրամասնության իրազեկ անել Ձեզ:

Շաբաթ օրը Բադալը լուր բերեց ինձ, թե Զվարթնոցի սահմաններեն մի քիչ տարակա՝ Չոբանքեարայի ճանապարհին մոտ, գտնվեր է մի արտի մեջ հին շենքերի մնացորդներ, իհարկե՝ մի քիչ էլ չափազանցված մանրամասնություններով: Սակայն Բադալը չէր գիտեր, թե ո՞ր արտի մեջ էր և ո՞վ էր արտի տերը: Վերջապես, երեկ ճշտեցի, թե տեղը և թե արտի տիրոջ անունը: Արտը գտնվում է ավելի մոտ Գայիյանեի վանքին՝ Չոբանքեարայի ճանապարհի մոտ, և հազիվ կես վերստ հեռու Զվարթնոցի համար որոշված սահմանից: Արտի տերն է Շմավոն Կրիվանյան, բնիկ վաղարշապատցի: Երեկ ամբողջ օրը փնտրեցի Շմավոն Կրիվանյանին, բայց չի հաջողվեց ինձ գտնել, գնացել էր այգիները: Տանը պատվիրեցի, որ գա զիս գտնե. մինչև երեկոյան մոտ սպասեցի, երբ չեկավ, տեղիս գործկոմի փոխ-նախագահի աջակցության, որը իր կողմանե հանձնարարեց տեղիս միլիցիապետին: Միլիցիապետը անմիջապես միլիցիո<ներ> ուղարկեց Շմավոնի տունը և պարտավորեցրեց, որ անպայման այսօր ժամը 8-ին ներկայանա: Բայց Շմավոնը այս առավոտ ժամը 6-ին եկավ տունս և ինձ առաջնորդեց դեպի յուր արտը, ուր հայտնվեր էր խոսակցության առարկա հնությունը:

Գտնվածը մի հնձան է՝ քառակուսի՝ 1 մ 80 սմ կողմերով․ նախապես արդեն կիսավեր, այժմ էլ փորփրելով բոլորովին քայքայվել է, բայց բարեբախտաբար քիչ մասն են փորել: Մնացած մասերը փորելը արգելեցի, թեև մեծ բան չեմ հուսար գտնել, բացի հնձանի մանրամասնություններեն. արդեն երևում է, որ նախապես այդ ավերակը մի փոքր բլրակի տակ էր ամփոփված, սակայն տեղը և շրջակա ուրիշ մնացորդներ ցույց են տալիս, որ մի ժամանակ այդ