Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղերը ներկայից տարբեր մի եռուն կյանք է եղել և թերևս նոր ապացույց հին Վաղարշապատի1 շատ մոտ լինելուն։

Սույն հնձանից դեպի արևելք (դեպի Զվարթնոց) նկատեցի մի անբնական բլուր, հարցրի ընկերիս նրա մասին։ Ուղղվելով դեպի բլուրը՝ պատմեց հետևյալը։ Մի օր արտի տերը պարարտացման համար հող փորելիս կգտնե մի պատ, ինք չի համարձակվիր ձեռք տալ, տեղեկություն կուտա վանքի այն ժամանակվան դիպլոմավոր վարդապետներից մեկուն (Խրիմյանի օրով է պատահած)։ Իմանալով իրողությունը վարդապետներ և վարժապետներ, ճեմարանական աշակերտները հավաքելով և բահ ու բրչով զինելով կգան կսկսին անկարգ կերպով բլուրի գլխից քանդել։ Բանից դուրս կուգա, որ եղել է բլրի տակ մի շենք արևելյան կողմից՝ մի դռնով, վրան կամարակապ, հաստատուն գաճ ու կիր շաղախով շինված. դեռ այն ժամանակ անշնորհ պեղիչներ վրայի կամարը ծակել էին։ Այժմ կամարը ամբողջովին փլած է, պատերը որոշ չափով մնում են, շենքը քառակուսի է, մոտավորապես 6 մ կողմերով, կամարակապ դուռը 90 սմ լայնություն ունի. բարձրությունը թաղված է հողի ներքև։ Պատերից և կամարից քանդված քարերը տարված են և տարվում են հետզհետե, ինչպես նաև բլուրի հողը կրում են արտերը պարարտացնելու համար։ Թե ինչ շենք է այս, թերևս պարզեն պեղումները, համենայնդեպս կապ ունի տասը քայլ հեռու գտնվող մի աղյուս թրծելու փուռի հետ։ Չափազանց հետաքրքրական և հատուկ մասնագիտական քննության արժանի գտա այս աղյուսի փուռի մնացորդը։ 5 մեթր տրամագծով բոլորակ շինված շենք է, բայց մինչև հողին հավասար քանդված։ Կենդրոնին վրա մեկ մետր խորանարդի չափ կանոնավորապես դարսված աղյուսների կույտը մնում է գրեթե անաղարտ։ Աղյուսները քառակուսի են՝ 17-են մինչև 20 սնթ լայնությամբ և 5 սնթ հաստությամբ. ի՞նչ ժամանակ են դարսվեր այդ աղյուսները փուռին մեջ, ինչպե՞ս մնացել են մինչև այսօր, այդ այնքան զարմանալի չէ, որովհետև ինչպես մոտի շենքը, նույնպես այս փուռը մնացել են հողի տակ․ վանական-ճեմարանականների խումբն է, որ միաժամանակ բացել են նաև այս բլուրը։ Բայց բացվելեն ի վեր, մինչև այսօր ինչո՞ւ չեն տարել այդ աղյուսները, ահա այդ է զարմանալին։ Փորձեցեք վերցնել մեկ հատ այդ կույտի վրայից. դուք ապշած կմնաք, տեսնելով, որ այդ մոտավորապես մեկ խորանարդ մեթրի չափ կանոնավոր շարքերով միմյանց վրա զանազան ձևերով դարսված կույտը դարձել է ապառաժ քարից ավելի կարծր մի զանգված. թե բնության ո՞ր օրենքով,