Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԱՆԻ — Մանուշեի մզկիթ — Աշխարհիկ շինություն, որին կից XI դարում սելջուկները կառուցել են մինարե և փոխարկել մզկիթի:
Միջնաբերդ — Քաղաքի ամենաբարձր մասը՝ շրջապատված քարաշեն պարսպով, որը V—VI դարերում եղել է Կամսարական իշխանների ամրոցը: Անին մայրաքաղաք հռչակվելուց հետո, IX—XI դարերում, նույն տեղում կառուցվել է Բագրատունի թագավորների ապարանքը և արքունական այլ շինություններ: Պեղումները կատարվել են 1906-1908 թվականներին: Թորամանյանի չափագրությունը տե՛ս Թ. Թորամանյան, Նյութեր, հատ. I, էջ 361:
Նախշլի — Տե՛ս Լուսավորիչ ս. Գրիգոր։
Չորս պիլոնով եկեղեցի— Փոքր, ամբողջովին ավերված։ Կառուցված է եղել մինչ X դարը։ Հայտնաբերվել է պեղումներով։
Պալատական եկեղեցի — Կամարակապ, թաղածածք: Կառուցվել է V—VI դարերում Միջնաբերդի արքունական շինությունների շրջափակում:
Պալատի բաղնիքը — Քարաշեն կառուցվածք, Բագրատունիների արքունական շինությունների շրջափակում։ Թորամանյանի չափագրությունը տե՛ս Марр, Ани, տախտակ XXXII, նկ. 114a։
Պալատի ջրամբար — Կառուցվել է Բագրատունիների օրոք: Թորամանյանի չափագրությունը տե՛ս Марр, Ани, տախտակ XXXII, էջ 113: — Պարիսպներ — Անի քաղաքը շրջապատված է եղել տարբեր ժամանակներում կառուցված պարիսպներով և աշտարակներով, որոնց ընդհանուր երկարությունը հասնում է մի քանի տասնյակ կիլոմետրի: Դրանցից նշանավորներն են Աշոտյան, Սմբատյան և այլ պարիսպներ: Թորամանյանի կատարած չափագրությունները գտնվում են հեղինակի արխիվում, նրա ժառանգների մոտ՝ ցարդ անտիպ։ Այդ պաշտպանական կառույցների մասին Թորամանյանը գրում է. «Ով որ տեսած է Բյուզանդիոնի պարիսպները և բաղդատած Անիի պարիսպներուն հետ, նա կտեսնե, թե դժբախտ Անիի գեղապարույր բուրգերը որչա՞փ թանձր ստվեր կձգեն Բյուզանդիոնի պարիսպներու կոշտ ահավորության վրա» (տե՛ս Թ. Թորամանյան, Կաթիլ մը հայ գեղարվեստի ծովեն, «Գեղունի», 1909, էջ 35)։
Սարգսի դուռ — XII-XIII դարերում կառուցված միահարկ դղյակի շքամուտք, երեք կողմից զարդարված սև և կարմիր գույնի աստղաձև զարդանախշերով (մոզաիկ)։ Թորամանյանի վերակազմության նախագիծը տե՛ս Մառ, Անւոյ շարք, № 2, տախտակ VII, և «Գեղարվեստ», 1911, № 4, էջ 32։ — Փրկիչ եկեղեցի — Ութ աբսիդանի, ներսից նկարազարդված։ Կառուցել է Հայաստանի մարզպան Ապլղարիպ Պահլավունին 1036 թվականին։
Քանդված մինարեի կողքի եկեղեցի — Անհայտ։
Քարվանսարայի դուռ — Տե՛ս Հյուրատան դուռ:
ԱՊԱՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻ — Տե՛ս Քասախի եկեղեցի։
ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՑԻ — Գտնվում է Շապին Գարահիսարի Սիս գյուղաքաղաքում։ Կառուցումը վերագրվում է Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու որդիներին (XI դար)։
ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՄԱՏՈԻՌ-ԵԿԵՂԵՑԻ — Գտնվում է Սեբաստիայի ս. Նշան վանքում։ Ըստ ավանդության կառուցվել է Թադեոս Առաքյալի կողմից:
ԱՎԱՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ — Հայկական կենտրոնագմբեթ եկեղեցիների հնագույն օրինակներից մեկը, ըստ Թորամանյանի հինգ գմբեթով։ Կառուցել է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը (590—611)։