Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՐՕՏՈՒԹԻՒՆ ՆԱԽՆԻ ՎԱՅԵԼՉՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԻՄՈՑ.

Ասացեալ ի 1824 ամի յԵրևան.

(էջ 15-17)

Հանված է Աբովյանի արխիվի 58 թվահամարի տակ պահվող տետրակից։ Ինքնագիր, գրաբար, մաթրագիր. չ. 19 X 13,4 (նույն բանաստեղծության մի այլ օրինակը պահվում է Մատենադարանում՝ № 3751 գործում)։ Այս բանաստեղծությունը ժամանակագրական տեսակետից առաջինն է Աբովյանի ոչ միայն չափածո, այլև ընդհանրապես նրա գրական ժառանգության մեջ. թերևս կան նրա արխիվում ավելի վաղ շրջանի բանաստեղծություններ, որոնք մեզ հայտնի չեն, թվագրված չլինելու պատճառով։

Տպագրվում է առաջին անգամ։


ՍՐԲԱՃԵՄ ՈՏԻՑ...

(էջ 18-20)

Հանված է Աբովյանի արխիվում 160 թվահամարի տակ պահվող ձեռագրից: Ինքնագիր, գրաբար, մաքրագիր, չ. 36,6 x 23։ Բանաստեղծությունը թվագրված է 1824 թ.։ Մի ձոն է՝ ուղղված իր խնամակալ Անտոն եպիսկոպոսին։ Աբովյանը նրան համարել է իր հոգևոր հայրը և վաղ շրջանի նամակներում սովորություն է ունեցել ստորագրել նաև «Խաչատուր Անտոնյան Աբովյան»։

70 թվահամարի տակ պահվող՝ Վարդան Աբովյանի տետրակում արտագրված է Խ. Աբովյանի վերոհիշյալ ստորագրությունն ունեցող մի բանաստեղծությունը. ծանոթագրության մեջ Վ. Աբովյանը դիտողություն է արել այն մասին, թե Խաչատուր Աբովյանի հոր անունը ոչ թե Անտոն է, այլ Ավետիք։ Սա մի նոր փաստ է աբովյանագիտության մեջ Աբովյանի հոր անունը պարզելու ուղղությամբ։

ԽՆԴԱՄԻՏ ԸԳԱՑՄՈՒՆՔ ԵՐԱԽՏԱԳԷՏ ՀԱՅԿԱԶԻՆ ՅԱԶԱՏՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԻՒՐՈՑ.

Ասացեալ յԵրևան ի 1826—ին: Առ կոմսն Երևանի.

(էջ 21-23)

Հանված է Աբովյանի արխիվում պահվող 58 թվահամար ունեցող տետրակից. ինքնագիր, գրաբար, մաքրագիր, անթվակիր. բանաստեղծության մի սևագիրը գտնվում է նույն թվահամարի տակ պահվող սևագիր տետրակում։

81 և 84 թվահամարների տակ պահվում են նույն բանաստեղծության երկու արտագրված օրինակները. առաջինը 1830 թ. փետրվարի մեկի թվագրությամբ. նա ունի հետևյալ մակագրությունը. «պայծառափայլ կոմս փրկիչ Հայաստանի, ողորմած տէր 1830 թ. Տփխիս»։ Փակագծի մեջ գրված է «ի վեշտասան հասակի իւրում»։ Երկրորդը ուղղակի «Գովեստառ գալուստ նորին պայծառափայլութեան Կոմս Երևանու Ղեներալ ֆելդմարշալ և կավալերի Իվանու Ֆեոդորովիչի Պասկևիչիյ»։ Այս օրինակներն արտագրված են եղել Պասկևիչին ուղարկելու համար։

Աբովյանն իր գրվածքներում հաճախ է հիշում զորավար Պասկևիչի և ռուս կայսեր անունը, գովեստով արտահայտվում նրանց մասին, սակայն այդ նրա համար քաղաքական դավա-