Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ

I

Խ. Աբովյանի կենդանության ժամանակ նրա երկերը չեն հրատարակվել, բացառությամբ «Նախաշավիղ»–ի առաջին վարիանտի, որը, ըստ ենթադրումթյունների, հրատարակվելուց հետո անմիջապես ոչնչացվել է[1], և «Ադելայիդայ Ֆոն Վուլֆինգեն» թարգմանական դրամայի, որից երկու հատված տպագրվել է «Կովկաս» լրագրի 1846 և 1847 թվականների համարներում։

Հետաքրքրությունը Աբովյանի անձի և թողած գրական ժառանգության նկատմամբ երևան է գալիս նրա անհետացումից երկու տարի հետո։ 1850 թվին «Վերք Հայաստանի»–ի արտագրած օրինակը ձեռքեձեռք է անցնում, հասնելով մինչև Մոսկվա, Դորպատ։ Նույն թվականին Զմյուռնիայի «Արշալույս Արարատյան» լրագրում լույս է տեսնում Աբովյանի մի արձակ երկը՝ «Աշխարհիկ բարբառ երևանցի հայոց» խորագրով։ 1856 թ. Ռ. Պատկանյանի կազմած «Ազգային երգարան հայոց»-ի մեջ տեղ է գտնում «Աղասու երգը» հատվածը «Վերք Հայաստանի» վեպից։

«Հյուսիսափայլ»–ը թեև ոչինչ չի հրատարակում Խ. Աբովյանի ստեղծագործություններից, սակայն Ս. Նազարյանի և Մ. Նալբանդյանի արտահայտած կարծիքները, Աբովյանի շուրջը հասարակական լայն հետաքրքրություն ստեղծելու իմաստով, կատարում են իրենց աչքի ընկնող դերը։

Աբովյանի անհետացումից 10 տարի անց միայն, 1858 թ. Հ. Փոնդոյանի և Գ. Ակիմյանցի ջանքերով առաջին անգամ Թիֆլիսում լույս տեսավ «Վերք Հայաստանի» վեպը։

«Վերք Հայաստանի»–ի առաջին տպագրությունից հետո, Խ. Աբովյանից այլևս ոչինչ լույս չտեսավ մինչև Մ. Աղաբեկյանի «Կռունկ» ամսագրի հրատարակությունը (1860)։ «Կռունկ»–ի առաջին տարեթվի 11-ում տպագրվում է «Վերք Հայաստանի» վեպի «Զանգի» խորագրով հավելվածը, որով և «Վերք»-ի հրատարակությունն ամբողջանում է։ Նույն համարում Մ. Աղաբեկյանը «Զանգի»–ի հրատարակության առթիվ տպագրում է մի հոդված՝ «Պարոն Խ. Աբովյանր և իր Զանգին» խորագրով, որտեղ վեր է հանում հեղինակի բացառիկ նշանակությունը մեր գրականության համար։ «Կռունկ»-ի 1861 թ. № 5—6-ում տպագրվում է Աբովյանի «Օվսաննա» թարգմանական պատմվածքը։ Նույն ամսագրի 1861 թ. № 7-ում լույս է տեսնում Մ. Տեր-Ազարյանի «Մի քանի խոսք Աբովյանի վերա» հոդվածը, որը ուշագրավ էր ոչ միայն իբրև Աբովյանի մասին գրված առաջին ծավալուն կենսագրական, այլ և նրանով, որ այդտեղ մանրամասն տեղեկություն էր տրվում հեղինակի գրական հարուստ ժառանգության մասին, որ շարունակում էր մնալ անտիպ։

5
  1. Այդ հրատարակության միակ օրինակը, Ղազարոս Աղայանի արխիվի հետ մեկտեղ, վերջինի ժառանգների կողմից հանձնվել է Գրական Թանգարանին, որտեղ և այժմ պահվում է: