Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տպագրված 1864 թվին «Մեղու Հայաստանի» լրագրում, երրորդ և չորրորդ բանաստեղծությունները անվերնագիր հատվածներ են, հանված Խ. Աբովյանի որդու Վարդան Աբովյանի տետրակից։ Հատորում զետեղված է նաև մի ինքնագիր բանաստեղծություն՝ «Յարգոյ տեսոյդ» բառերով սկսվող, որ հանված է Մ. Մսերյանի արխիվից և գտնվում է Աբովյանի արխիվից դուրս։

Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Ձեռագրերի Ինստիտուտում № 3751-ի տակ (էջ 1012—1033) պահպանվում է մի անկազմ տետր ինքնագիր, գրաբար. տետրակում զետեղված են հետևյալ բանաստեղծությունները. 1. «Առաջի պատկերի բազմերախտ բարերարի Ֆրիդրիխայ...», 2. «Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց...», 3. «Մուտ Հայկայ ի Հայաստան և արհաւիրք երևակայութեան...», 4. «Կարօտութիւն առ սիրելին»։

Այս բանաստեղծությունների ինքնագրերը կան նաև Աբովյանի արխիվի 58 թվահամարի տակ եղած տետրակում։

58 թվահամարի տակ պահպանվող բանաստեղծությունների այդ տետրակը՝ ժողովածուն Աբովյանի արխիվն է անցել Երևանի գավառային ուսումնարանի դասատու Հ. Ղորղանյանի արխիվից։

1894 թվին «Արձագանք»–ի էջերում Հ. Ղորղանյանը տպագրել է այդ ժողովածուի բանաստեղծությունների ցանկը և իր ուսուցչի պատվին անվանել է այն «Հիշատակարան տետրակ»։ Տետրակում 19 բանաստեղծությունների հետ զետեղված է նաև «Վերք Հայաստանի»-ի նշանավոր հավելվածը՝ «Զանգին»։ Աբովյանի արխիվում գտնվել է այդ տետրակի սևագիր ընդօրինակությունը, որն այժմ մաքրագիր օրինակի հետ պահպանվում է նույն թվահամարի տակ։ Սևագիր էջերի վրա եղած թվական նշումներից պարզվում է, որ Աբովյանն այդ տետրակը կազմել է 1845—47 թվականներին։

Հատորից դուրս է մնացել «Նախաշավիղ»-ում հրատարակվող երկու բանաստեղծություն։ Երկրորդ բանաստեղծության բնագիրը գտնվում է 57 թվահամարի տակ պահպանվող արձակ և չափածո գործերի Ժողովածվում։ Բանաստեղծությունների բաժնում պահպանվում են «Աղասու խաղը» պոեմը և «Պարապ վախտի խաղալիք» առակների ժողովածուն. դա կազմում է ներկա հրատարակության 2-րդ հատորի բովանդակությունը։

Ներկա հատորն ունի հինգ բաժին. բուն տեքստը, թարգմանություններ, սևագրություններ, վարիանտներ, տեքստային տարբերություններ։ Հատորին կցված է գիտական ապարատ իր ծանոթագրություններով և անձնանունների բառարանով։ Բուն տեքստի բովանդակությունը կազմում է № № 57, 58, 61, 63, 64 տետրակների ինքնագրերի մեծ մասը։ Բանաստեղծությունները վերադասավորված են հնարավորին չափ ըստ ժամանակագրության։ 64 թվահամարի տակ պահպանվող «Դորպատյան» կոչված տետրակից հանված է թարգմանությունների բաժինը և տեղադրված համապատասխան բաժնում։

Բուն տեքստին հաջորդում են թարգմանությունները՝ կատարված ռուս և գերմանացի պոետներից։

Հաջորդ բաժինները դրսևորում են Աբովյանի ստեղծագործական լաբորատորիան. նրանք օգնում են հասկանալու բանաստեղծ Աբովյանի ստեղծագործական հղացումների զարգացման պրոցեսը, պոետական առանձնահատկությունները և այլն։

Արխիվում ամենավաղ թվագրությունն ունի «Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց մերոց» բանաստեղծությունը։ Թվագրված բանաստեղծությունները քիչ են. անթվակիր բանաստեղծությունների ժամանակը որոշելու

9