Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

200 Խառներ քո աչքի սուրբ արտասվաց հետ,
Հող դառամ վախտս քեզ մուրազս պատմեր եդ։
Պատմեր՝ թե ինչպես անճար Աղասիդ
Քո սիրովն մեռած, կարոտ երեսիդ,
Նազլո՛ւ իմ, Նազլու, հոգուս հրեշտակ՝
Փշերի միջումն, ախ քարերի տակն,
Լերդը չորացավ՝ ա՜խ, վայ քաշելով.
Երեսն ավազի, քարի վրա դնելով՝
Հոգին ավանդեց, երկինքը գնաց»։
Ա՜խ՝ լռվի լեզուս էս ի՛նչ ասացի։
210 Մարդասպան չարին դըժոխքըն է միշտ-բաց։
Ա՜խ՝ ո՞ւր էն դժոխքն՝ որ ընկնիմ էրվիմ.
Նա էլ ա փակել սիրտն, որ ես տանջվիմ։
Ա՜խ անդունդն էլ ինձ ուզենա, տանի.
Ո՞ւր գնամ, ա՜խ ո՞ւր, վա՛յ իմ սև օրիս։
Մեկ պուտ ջրի կարոտ, մեկ անուշ ձեռի[1],
Որ հով տա մեկ քաղցր լեզվով ինձ ասի։
«Ի՞նչ տեղդ ա ցավում, ջան իմ Աղասի,
Հոգիս քեզ կտամ, դու մի՛ դարդ անի»։
Մեկ սառը ջուր տա, ձեռն գլխիս դնի,
220 Քրտինքս սրբի, երեսն երեսիս,
Գլուխը գլխիս հետ կամ բարձի դնի.
Կուշտս կտրած, նստած իմ աչքիս նայի։
Էն աչքի ջրին, էն սիպտակ ձեռին,
էն ազիզ ջանին, էն քաղցր լեզվին,
էն արդար սրտին, շարմաղ պատկերին,
Սուրահի բոյին, չաղ չաղ աչքերին,
Որ քունը կտրած ու ոտը կապած,
Բարձիս գլխավերևն իր գլուխը դրած՝
Աչքը կպցնի, էլ եդ վեր կենա
230 Ինձ օրոն անի, անկաջումս ձեն տա։
«Ա՜խ՝ Աղասի ջան ընչի՞ չես քնում.
Ընչի չի Աստված իմ հոգիս առնում։
Դեռ չի՛ լուսացել քո ցավը տանիմ,
Ինձ տուր քո մահդ անումիդ մեռնիմ։
Լացդ տեսնելով, ախըդ լսելով
Ես ջուրը կրնկնիմ, գլուխս կառնիմ, կկորչիմ։
Հող կտամ գլխիս, սիրտս ճոթռելով.
Ժամ կերթամ, երեսս քարերին կըքսեմ,
Սրբերի ոտը ջուր կանեմ, կխմեմ։
240 Խունկ ու մոմ լալով ժամում կվառեմ.
Մազերս կկտրեմ, կուռս կծախեմ.
Պաշտումեց կտամ, ժամոց կբաշխեմ։

  1. լեզվի