Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկս էլա չկա բացինք խոսալ. էն սիրուն, էն աննման, էն զարմանալի մարդը երաբ ինձ սիրո՞ւմ ա։ Ի՞նչ պտի ըլիմ նրա աչքին։ Տասնըհինգ տարեկան ու դեռ էնպես անպիտան աղջիկ, նա էնպես ղոչաղ, հասած տղամարդ, երեսունհինգ տարեկան են հեսաբ անում, էնպես հոգու տեր, էնպես մեծ օջախի որդի, ինչպես երևում ա, էնպես հարուստ ու կտրիչ, որ նրա խոսքիցն իմացվում ա, ինձանից ի՞նչ պտի ուզենա, հո իմ սերը, իմ ձեռը չի՛ պտի ուզի։

Ա՜խ՝ իմ էլիզա՝ քեզ մենակ կարամ ասիլ, թե չէ ո՞ւր գնամ, ո՞ր ջուրն ընկնիմ, չունքի աչքիցս, մտքիցս չի հեռանում։ Էլվիգին՛ միտքս մի՛ քցիր. ղորդ ա, մեր երեխա ժամանակներս, մեր ջահելությանը նրան մի քիչ ումուդ եմ տվել, բայց նա իմ աչքիս ոչինչ չի երևում, ինչ ժամանակ ուրիշ տղամարդիք էլ եմ տեսել։ Բոլորն էլ Րիվարոզի մեկ մատը, մեկ մազը չաժեն։ Շորերս հաքնում եմ, որ գնամ բալ, ես նրան կտեսնեմ՝— էրնակ իմ աչքին։ Մնաս բարով։

Քո Ագնես։

ԷԼԻԶԱ ԱԳՆԵՍԻ ՎՐԱ։

Մարտի 7.

Իմ Ագնես։

Մեկ անպիտան օքմին ես ասում, մեր էլվիգն, էն հանդարտ, խորամիտ ու ազնիվ երիտասարդին։ Գիտես դու նրա կյանքը, նրա առաքինությունքը։ Ի՞նչպես ես նրա բարի, սիրուն սիրտը մոռացել։ Ինչ որ մարդի աչքը կուրացնում ա, լիս ես համարում։ Ով ա քո զամինը Րիվարոզի համար։ Նրա արշա ընկնիլը, ես ուղիղն եմ ասում քեզ, ինձ էնպես ա երևում, որ նա գլխիցը ձեռք վեր առած մարդ պտի ըլի։ Նմանապես շատ ցավ ա ըլում ինձ, որ դու էն առաջին հարարաթը, որ նա քո սիրտը շարժել ա ու դու էլ շուտով կարող ես հաղթիլ, հենց իմանում ես՝ սեր ա։ Սերը մեկ րոպեի ծաղիկ չի, ո՛չինչ ա, եթե լավ մտքով չենք քննել, հաստատ չենք իմացել՝ թե մեր սիրելու բանը ի՛նչ արժանավորություն ունի։

Էսքանը ինձանից քեզ խրատ, հետևի՛ր, որ մեկ դրուստ խաբար իմանաս քո ասած թագավորի որդու համար, ու մեկ տղամարդի քաջությանն էլա մի՛ հավատար, թե որ ինքը իր լեզվովը պատմի։ Չունքի շատ բան, որ մարդիկ բառով ասում են, գործով չեն կատարում։ Զգո՛ւշ կաց նմանապես, որ էն գրքին ձեռը տաս, կամ ուրըշից ընդունիս, որը որ ուրիշն էլ ա ուզում ունենա։ Լավ որ մտիկ անենք, էսպես բանը ո՛չինչ ա. բայց ամեն ամոթխած, աբուռով կնիկարմատի սրտումը՝ էնպես մեկ ահ ու դող կա, որ նրան ամեն բանիցը զգուշացնում ա, որը որ ամոթխածության էն բարակ շվաքն էլ կարող ա փչացնել, խանգարել, քարովը տալ։ Ի՛նչքան գովելի են էն կնանիքը, որ դեռ քանի ջահել ու սիրուն են, տղամարդի աչքի բնավ չեն նայում։ Ամեն ջահել սրտումն էնպես մեկ վտանգավոր պեծ կա, որ հենց աչքդ աչքին առնի, էն վախտը կսկսի վառվիլ, բորբոքվիլ: Ու մտիկ անելումն էլ էնքան քաղցրություն կա, էնքան մարդի սրտին դիր ա գալիս, որ հենց իմանում ես՝ թե սերն ինքն ա, բայը հաստատ կշռած սերը, ոչ թե էն մուխանաթ բոցը, որ մարդի միտքն ու սիրտը մտնում են՝ բայց բնավ իստակ չեն։