Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իրիկունը ֆանառի ու մաշալի լուսով եդ դառան տուն։ Նավի մեկը առաջ էր գնացել, Գրադման ամենիցը եդը ուրիշ նավ մտավ, ոտը սոթ անցավ, գլխի վրա շուռ էկավ ու ընկավ ջուրը։ Հովհաննեսի աչքը հենց առավ թե չէ, ղորդ ա լեղ տալ էլ չէր գիտիլ, ամա հենց էնպես առանց շորերն էլ հանելու ընկավ ծովի մեջը, ձեռը հասցրեց իր բարերարի փեշը, շատ էլ շալիշ էկավ, որ հանի, ճար չէլավ։ Էնքան զորություն չուներ ու էն ա երկուսն էլ պետք է հավիտյան կորչեին, որ Աստված խեղճ էկավ, նավի մարդիքը վրա հասան ու երկուսին էլ ինչ հալով ազատեցին։

Թող լսողն իմացողը միտք անի, թև նրա խեղճ օղլուշաղի հալն ի՞նչ կըլեը։ Կնիկը ջոկ էր գլուխը ծեծում, իրան սպանում, աղչիկը մեկ կողմն էր իրանից գնացել. մյուս ղոնաղներն մնացել էին սառած, փետացած։

Բայց ի՞նչ կըլեը նրանց հալը, երբ Գրադման սաղ սալամաթ դուս էկավ պրծավ։ Սոֆիա սրտի ուրախությունիցը վրա թռավ, ընկավ Հովհաննեսի ճտովըն ու քաղցր լեզվով, լաց ըլելով նրան ասեց. «Դու ես իմ հոր փրկիչը»:

Բոլորն էլ ուզում էին, որ Հովհաննեսիդ իրանց շնորհակալությունը ցույց տան, ու Գրադման մի քիչ որ հանգստացավ, էլի իր հասարակ ձևովն ասեց.

— Իմ աչքի լիս, Հովհաննես, դուք ձեր պարտքը իր շահովը բոլոր վճարեցիք։ Ես եմ հիմիկ քո պարտքատերը, ամա մի քիչ պետք է համբերես, չունքի էն կարողությունը չուեիմ, չունիմ, որ էսպես պարտքը վճարեմ։

Հովհաննես էնպես մնացել էր շշկլած, ամաչած, կանգնած։ Էնքան շնորհակալությունն ու սերը, որ նրան ցույց տվին, նրա լեզուն կապեց: Ոչ բերանն էր խոսք գալիս, ոչ տեղիցն էր կարում ժաժ գալ։ Սիրտը խփում էր, ու էս սհաթին առաջին անգամը նրա հոգին նրան ասեց, որ նա Սոֆիին սիրում էր։ Նրա էն փարվիլը, նրա էն անուշ լեզվով հետը խոսալս՝ երեսի փարեն եդ էին քաշել։ Նա չէր ուզում, որ մեկ մարդ էլա իմանա, թե ի՞նչ կրակ է նրա ջանն առել, ամա էս կրակը հանգցնիլն էլ չէր կարում։ Հենց գիտես թուր ու դանակ ըլին նրա սիրտը ցցում, որ մտածում էր, թե էսպես իր բարերարի սիրտը պետք էր կոտրեր, թե որ իմանար նրա միտքը։ Նա կարծում էր թե բալքի ուրիշ մարդ ըլի Սոֆիին ուզել, ու որ իրան ու նրան համեմատում էր, ինքը մեկ աղքատ, ղարիբ, անտեր տղա, Սոֆիա էնպես հարուստ օջաղի որդի, էնպես երևելի ծնողաց մեկ զավակ, ինչ հնար էր, որ նրան տային, հուսահատությունը ջանն առավ։— Ամենն էլ ուրախ, քեֆըները չաղ տուն էկան, Հովհաննեսի սիրտն էր մենակ սև հաքել, նրա հոգին արյան ծով դառել:

էսպես մեկ քանի օր անց կացրեց, ամենն էլ ցավում էին նրա վրա, Սոֆիա լավ ուզում էր, որ նրա դարդին դարման անի, բայց Հովհաննես նրանից փախչում, չէր ուզում, որ էլ մարդի երես տեսնի։

Նրա ղարավաշ Աննեն էս որ վարավուրդ արեց, սիրտը կրակ ընկավ։ Շատ չալիշ էկավ, որ նրա սիրտն առնի, հետը խոսա։

«Աչքի լիս Հովհաննես, իմ տեր, ի՛մ թագավոր՝ տխր ի՞նչդ ա պակաս, ի՞նչ ցավ ունիս, ընչի՞ չես ինձ էլ ա՝ սիրտդ բաց անում, գիտես որ ջանս քեզ չեմ խնայիլ», մեկ օր նրան ասեց Աննան։

Հուվհաննես: Աննա՝ իմ մայր՝ թո՛ղ իմ ցավս ես քաշեմ, ինչ ասեմ, որ մեկ ճար չես կարող անիլ։ Իմ աստղս թեքվել ա, ես տարաբախտ եմ, ա՜խ չէ, հիվանդ եմ, կուզեի ասեմ։