Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՊՂԻՆՁԸ

(Էջ 200-201)

Այս նույն ասացվածը Աբովյանը գրել է «Նախաշավիղ»-ի Ա. մասի վերամշակված վարիանտում, հավանական է «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուն կազմելուց առաջ, և առաջին անգամ տպագրվել է «Նախաշավիղ»–ի 1862 թվի հրատարակության մեջ «Հետևանք կույր շահասիրության» վերնագրով։ Այդ հրատարակության հեղինակային ինքնագրի համեմատությամբ կան զգալի չափով տնքստային տարբերություններ, որ բերում ենք այստեղ։

2-րդ տող. Մեկ օր մեկ պղինձ սկսավ փոխ ուզել.
7-րդ տող, Պատվելի, ասաց, էս ինչ ընկեր է
8-րդ տող. Որ պղնձիս հետ իմ տունս էկել է
9-րդ տող. Ես քեզ անցյալ օրը մինը փոխ տվի,
10-րդ տող. Այժմ ջխտվել են, էս ինչ պետք է ըլի։
16-րդ տող, Ու ընդվայր տեղը օտարին բաշխեր։
19-րդ տող. Բայց ավելի շահն փորը չի ծակիլ։
20–րդ տող. Եվ վայ մարդին, որ անխելք ագահ է։
21-րդ տող. Հարևանն սկսավ շնորհակալ լինել
23–րդ տող. Մի քանի օրից հետո, մյուս անգամ
28-րդ տող. էլի կծնանի, իր մտքումը կարծեց։
29-րդ տող. Բայց Մոլլայի հեսաբն դեռ չէր իմացել,
30-րդ տող. Օրն շաբաթ դարձավ, շաբաթը ամիս,
32-րդ տող. Սկսավ դրացին, բայց դու ո՛չ մեռնիս։
40-րդ տող. Մոլլի ոտ ու գլուխն չափելով՝ ասաց»։
46-րդ տող. (Տո քոփակ) այստեղ չկա, բաց է թողնված։
47-րդ տող. Ծնանողն մեկ օր պետք է մեռանի։
50-րդ տող. Բաս մահվան սուգն չի՞ պետք է կատարի։
57-րդ տող. Երբեք իր օրումն չպետք է ուզի։


1) Իմամ— իսլամական կամ մահմեդական կրոնի համաձայն հոգևոր իշխանության առաջնորդ:

2) Ղռռան կամ ղուրան՝ իսլամական կրոնի վարդապետարանը, այդ կրոնի հիմնադիր Մահմեդի (569— 632 թ. թ.) քարոզների ժողովածուն։

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄԱՐԴԻՔԸ

(էջ 202—203)

Առաջին անգամ իբրև դասագրքային նյութ տպագրվել է 1862 թվին հրապարակված «Նախաշավիղ»–ի Ա. մասում (էջ 77—78), որի ինքնագիրը պահպանված է (Գրական Թանգարանի Աբովյանի արխիվ № 24)։ երկրորդ անգամ տպագրվել է «Պարապ վախտի խաղալիք»–ում՝ 1864 թվին։ Բացի այդ պահպանվել է նաև սևագիրը՝ հեղինակի մի փոքրածավալ (18,6 X 12) ձեռագիր տետրում (Գրական Թանգարան, Աբովյանի արխիվ № 107 «Սևագիր բանաստեղծությունների տետր»), որը պարունակում է «Նախաշավիղ»–ի նախնական վարիանտի մի շարք նյութեր, ինչպես՝ «Աղօթք դասուց առաջ», «Զկնի դասին», «Այլ աղօթք առաւօտեան» ոտանավորները, «Սյաւ ագռաւ և հաւն» առակը և այլն։

Այս առակի՝ «Նախաշավիղ»-ի մյուս նյութերի հետ միևնույն սևագիր տետրում գտնվելն ինքնին վկայում է նրա գրության մոտավոր ժամանակը՝ ո՛չ ուշ քան 1838 թիվը:

«Ասացվածն» ինքնաստեղծ է՝ գրված ամենից առաջ մանուկների համար և ուղղված է թղթախաղամոլության դեմ։

«Պարապ վախտի խաղալիք»-ում տպվածի համեմատությամբ զգալի տեքստային տարբերություններ կան թե սևագրում և թե «Նախաշավիղ»-ում եղած օրինակում։ Ստորև բերում ենք այդ տարբերությունները՝ սևագիրը նշելով Ա., իսկ «Նախաշավիղ»–ինը՝ Բ. տառերով։

1 տող Ա. Շատ տեղ [ու քաղաք] շրջելով, շատ երկիր տեսած

Բ. Շատ տեղ շրջելով, շատ երկիր տեսած