Jump to content

Էջ:Խենթը.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարունակեց նա ընդհատված խոսակցությունը,— կրկնում եմ քեզ, որ նրան պետք չէ հավատալ։ Նա մոտենում է մեզ, իրան բարեկամ և մտերիմ է ձևացնում, համակրություն է ցույց տալիս, և ուրիշ հազար ու մեկ օյիններ է հանում, բայց այդ բոլորը կեղծ է, նա այսպիսով աշխատում է մեզանից գաղտնիքներ որսալ և հայտնել ուր որ հարկն է։ Նա լրտես է, կատարյալ լրտես։ Եվ այդ պատճառով նա այնքան լավ ընդունված է «ի վերին Երուսաղեմի մեջ»։ Շատ հավանական է, որպես ինքը հույս ունի, շուտով եպիսկոպոս կդառնա և մի հարուստ թեմի առաջնորդ կլինի։
— Բոլորը, ինչ որ ասեցիր, ուղիղ է, բայց վերջին երկուսը չի ստանա։ «Չորրորդը» խոստանալու համար խիստ առատաձեռն է, բայց կատարելու մեջ չափազանց ժլատ։ Կամենում են միայն առժամանակ այդ տխմարի գլուխը թափ տալ, որքան իրանց պետք է, հետո պոչը կկտրեն և բաց կթողնեն, նրա պաշտոնը ավելի հարմար մեկին հանձնելով։ Տես, երկու նոր մեռելներ ևս հիմա բերեցին:
— Թող տուր, թե աստված կսիրես, այդ քո մեռելները, բայց նա այն տեսակ աղվեսներից չէ, որ շուտ խաբվի։
— «Խելացի աղվեսը երկու ոտքիցն էլ թալաքի մեջ է ընկնում»։
— Կամաց, թող անցնեն...
Ճեմելիքի հակառակ կողմից հայտնվեցան երկու ուրիշ աբեղաներ, որոնք մոտենալով առաջիններին, նույնպես դադարեցրին իրանց խոսակցությունը։ Դրանք երկուսն էլ սինոդի անդամներ էին։ Երբ փոքր ինչ հեռացան, դարձյալ շարունակեցին խոսակցությունը:
— Աճուրդը հիմա պետք է նշանակել տալ. այժմ ամենահարմար ժամանակն է։
— Ինչո՞ւ։
— Նրա համար, որ մեզ հայտնի է, թե այդ եկեղեցական կալվածքները ովքեր են կապալով վեր առնում։ Պարոնները՝ Ն... Մ… և Խ..., որոնք միշտ այդ կալվածների կապալառուներն են եղել, այժմ իրանց առանձին գործերով գնացել են մեկը Ալեքսանդրապոլ, մյուսը՝ Իգդիր, երրորդը՝ սատանան գիտե թե որ ջհաննամը։ Դրանց բացակայությունից մենք կարող ենք օգուտ քաղել։ Եթե աճուրդը այժմ նշանակել կտանք շատ պարզ է, որ կապալը կմնա Սաթայելյանի վրա, որը իր անունով կվեր առնի, իհարկե, մեզ հետ գաղտնի ընկերությամբ։
— Բայց, որքան ինձ հայտնի է, պարոն Սաթայելյանը այնքան

320