Jump to content

Էջ:Խենթը.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղեկություններ այն ընտանիքի մասին, որի վիճակը իրեն սաստիկ հետաքրքրում էր:
— Ձեզ Հովհաննես հայր սուրբը ուղարկե՞ց,— հարցրեց Վարդանը քահանայից, խնդրելով նստել:
— Այո՛, Հովհաննես հայր սուրբը...— պատասխանեց նա և տեղավորվեցավ փոքրիկ սեղանի մոտ, որի վրա մնացել էր մի շիշ գինի:
Վարդանը լցրեց բաժակը և տվեց քահանային, որ օրհնելով, իսկույն խմեց: Ոգելից ըմպելին կարծես կազդուրիչ ցող լիներ, որ թափվեցավ տոթից թառամած խոտաբույսերի վրա: Քահանայի անշարժ դեմքը փոքր ինչ զվարթացավ։ Մելիք-Մանսուրը նկատելով այդ, հարցրեց.
— Կկամենայի՞ք մի բան ուտել։
— Երեկվանից ոչինչ չեմ կերել,— պատասխանեց քահանան այնպիսի մի ողորմելի ձայնով, որ չէր կարելի չխղճալ:
Նա ձայն տվեց պառավին նախաճաշիկ բերել տերտերի համար։
Վարդանը դժվարանում էր իսկույն սկսել հարցուփորձը: Նրա դրությունը նմանում էր այն անբախտին, որի բացակայության ժամանակ, գողերը մտան տունը, կողոպտեցին և տարան բոլորը, ինչ որ ուներ։ Վերադառնալով տուն, գտնում էր նրան մերկ ու դատարկ։ Բայց մի տեղում նա թաքցրել էր իր գանձը, դեռ հույս ունի, որ չարագործների ձեռքը այնտեղ հասած չի լինի։ Մոտենում է խորհրդավոր պահարանին, և սիրտը դողդողալով կանգնում նրա առջև, բայց չէ համարձակվում բաց անել, չէ համարձակվում նայել։ Նախապես պաշարում է նրան մի կանխակալ սոսկում, մտածում է,— ինչ կլինի իր դրությունը, եթե գանձարանը դատարկ գտնե, նա խո կզրկվի իր վերջին հույսից, իր միակ մխիթարությունից։
Այդպիսի մի անվճռականության մեջ օրորվում էր, տարուբերվում էր Վարդանը։ Նա դեռ հույս ուներ, որ կգտնի Լալային։ Եվ այդ քահանայի մի խոսքիցն էր կախված նրա բախտը և ցմահ անբախտությունը։ Արդյոք ուներ այնքան ուժ և այնքան սրտի զորություն, որ կարողանար դիմանալ քահանայի բոթաբեր խոսքին: Զարհուրելի նախազգացումներ տիրել էին նրա հոգին և նա ոչինչ հարցնել չկարողացավ, թեև շատ ցանկանում էր հարցնել:
Մելիք-Մանսուրին հայտնի չէին Վարդանի հոգեկան հարաբերությունները

347