Jump to content

Էջ:Խենթը.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կեսօրին մոտ էր։ Մենք մինչև իրիկուն կապված մնացինք այն փոսի մեջ։ Աստուծո ողորմությունը հասավ, մեզանից մեկը քանդեց իր կապերը և մեր կապերն էլ արձակեց, թե չէ պետք է մնայինք այն փոսի մեջ, և սովից մեռնելով, գազանների կերակուր դառնայինք:
— Դուք ո՞րտեղացի եք, քարավանը ո՞րտեղից էր գալիս և ո՞ւր էր գնում, — շարունակեց բեկը իր հարցուփորձը։
— Ձեր ծառաները պարսկաստանցի վաճառականներ են․ քարավանը բեռները ընդունեց Տրապիզոնում, որ Պոլսից նավով էին բերված․ անցանք Արզրումից մինչև այստեղ անվտանգ, պետք է շարունակեինք մեր ճանապարհը, և Բայազեդից Պարսկաստան գնայինք, բայց այստեղ այս դժբախտությունը պատահեց մեզ։ Մեր քարավանը բեռնավորած էր ամենա թանկագին ապրանքներով, բայց ոչինչ չթողեցին, ինչ որ տանելու էին, տարան, մնացածը այրեցին։
— Շեյխի գլուխը վկա լինի, որ այսպիսի բարբարոսություն ես առաջին անգամն եմ տեսնում, — դարձավ բեկը դեպի մուդիրը, որ հետաքրքրությամբ լսում էր վաճառականների պատմությունը։
— Դուք կարողացա՞ք ճանաչել ավազակներին, — հարցրեց մուդիրը ինքն ևս հարցուփորձի մեջ մտնելով։
— Ի՞նչպես ճանաչեինք, — պատասխանեց խոսող վաճառականը․ — բոլոր ավազակների երեսները կապած էին, միայն աչքերն էին երևում։ Եվ երբ մեզ բռնեցին, մեր աչքերն էլ կապեցին, հետո սկսեցին ապրանքները բաց անել։ Բայց այսքանը տեսանք, որ քրդեր էին։
— Քանի հոգի կլինեին, — դարձյալ հարցրեց մուդիրը։
— Հիսունի չափ։
— Դեպի ո՞ր կողմը գնացին։
— Մենք տեսնել չկարողացանք, ասեցի, որ մեր բոլորի աչքերը կապած էին, և մեզ ձգել էին մի փոսի մեջ, ձեռներից և ոտներից նույնպես կապված։
— Բավական է,— մեջ մտավ բարկությամբ բեկը ընդմիջելով մուդիրի հարցուփորձը, — ես բոլորը հասկացա։
Հետո նա դարձավ դեպի վաճառականները։
— Հիմա գնացեք և հանգստացեք, եթե ավազակները մեր կողմերի քրդերից լինեն, ես կաշխատեմ անպատճառ գտնել նրանց և ձեր մի չոփը (շյուղը) չի կորչի։ Իսկ եթե ուրիշ կողմերից եկած լինեն, այն ևս կարող եմ ցույց տալ․ դուք անհոգ կացեք։ Ես չեմ ներում որ «իմ հողի» վրա անիրավություններ գործվեն։

120